Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում ինչ եմ պլանավորել և ինչպես են պատկերացնում այդ պրոցեսը բայց նման ցանկացած միջամտություն եկեղեցական կյանքին և ինքնավարությանը միանշանակ (00:30) դատապարտելի է և անպտուղ փորձեր են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հայտարարեց Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարագի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Էջմիածնի կենտրոնական հրապարակից գալու են վեհարանը ազատելու։

Անդրադառնալով Փաշինյանի և նրա թիմակիցների խոսույթին, նա նշեց. «Ցավոք սրտի, այս խոսույթը մեկ-երկու դեպքեր չեն վերջին շրջանում և, բնականաբար, միանշանակ դատապարտելի է առհասարակ, որևէ անձի նկատմամբ, առավել ևս Վեհափառ Հայրապետի և հոգևորականների նկատմամբ։ Ամեն դեպքում այս ամեն ինչը, այս բռնության կոչերը, անհանդուրժողականության այս դրսևորումները, արդեն խոսում է այն մասին, որ մարդկանց նպատակը ոչ թե ինչ-որ բան բարեփոխելն է, այլ ավելի շատ հրահրելն է և ներքին պառակտվածությունը, բևեռացումը հասարակության մեջ ավելի խորացնելն է։ Այս առումով մենք կոչ ենք անում և միշտ աղոթում ենք, որ մեր ժողովուրդը չտրվի այդ սադրանքներին, լինենք միաբան և սիրով համախմբված»։

Հարցին՝ ի՞նչ է անելու եկեղեցին, եթե ամեն դեպքում, այդ գրոհը լինի, տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց. «Մենք ամեն օր աղոթում ենք մեր երկրի խաղաղության համար, մեր հոգու փրկության համար։ Այս պարագային անկեղծորեն չեմ պատկերացնում ինչ պիտի լինի կամ ինչպես ինչպես կզարգանա ընթացքը, կապրենք, կտեսնենք։ Ես կարծում եմ, որ որևէ հավատացյալ մարդ երբևէ չի հանդգնի ոտնձգություն իրականացնել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի որևէ հոգևորականի նկատմամբ»։