Այսօրվանից մասնագիտական կրթության ոլորտում մեկնարկում է ընդունելության գործընթացը, որը իրականացվում է dimord.emis.am կայքի միջոցով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։
Նրա խոսքով, ոլորտային մասնագիտությունների դեպքում հայտերի ընդունման ժամկետը մինչև օգոստոսի 8-ն է, որից հետո օգոստոսի 9-ից մինչև 17-ը կկազմակերպվեն քննությունները, իսկ ոչ ոլորտային մասնագիտությունների դեպքում առաջին փուլի ընդունելությունը մինչև օգոստոսի 17-ն է։
«Ինչպես է ընդունելությունը կազմակերպվում, ոչ ոլորտային մասնագիտությունների համար հաշվի են առնվում հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական վկայականի միջին գնահատականները, որին գումարվում է տվյալ մասնագիտության համար առանձնացված առարկաների միավորները, որոնք վկայականում առկա են, իսկ ոլորտային մասնագիտությունների դեպքում կրկին հաշվի է առնվում վկայականի գնահատականների միջինը և գումարվում է նաև արդեն քննական առարկան և մրցութային գործընթացը։
Քննությունների ավարտի և գործերի ընդունման ավարտից անմիջապես հետո հաջորդ օրը ամփոփվում են տվյալները և հրապարակվում են, որից հետո երկու օրվա ընթացքում համակարգում ամփոփվում է ամբողջական տեղեկատվությունը, դիմորդները բաշխվում են համապատասխան ուսումնական հաստատություններով։ Թափուր տեղերի առկայության դեպքում օգոստոսի 17-ից հետո կհայտարարվի երկրորդ փուլը, որին կրկին կարող են մասնակցել թե ոլորտային և թե ոչ ոլորտային մասնագիտությունների գծով դիմորդները։ Կրկին նույն սկզբունքն է գործում, ոչ ոլորտայինների դեպքում, եթե իրենք դիմել են որևէ ուսումնական հաստատություն և մրցույթով չեն անցել կամ եթե չէին դիմել, ապա այս դեպքում ևս կարող են դիմել, իսկ ոլորտայինի դեպքում, եթե դիմել են որևէ ուսումնական հաստատություն և իրենց միավորները չի բավարարել, ապա այդ քննական արդյունքներով կարող են դիմել մեկ այլ ուսումնական հաստատություն, որտեղ թափուր տեղեր կլինի։ Հիշեցնեմ, որ ոլորտային մասնագիտություն հիմնականում առողջապահության ոլորտի, սպորտի և մշակույթի ոլորտի մասնագիտություններն են»,–ասաց փոխնախարարը։
Հարցին՝ մասնագիտական առումով այս տարի ի՞նչ նորություններ կան ոլորտում, որևէ փոփոխություններ եղե՞լ են, նա պատասխանեց. «Հիմնականում մեծ առումով փոփոխություններ չեն եղել։ Ես կուզեմ ներկայացնել ընդհանուր առմամբ ՄԿՈՒ ոլորտին նպաստների և կրթաթոշակների համար հատկացվում է շուրջ 12 միլիարդ դրամ՝ միջին մասնագիտական ծրագրերով 6000 տեղի համար, իսկ արհեստագործական ծրագրերով շուրջ 3312 տեղի համար։ Բայց մենք ունենք այս մասնագիտությունների մեջ նաև որոշակի ուղղություններով՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, գերակա ճանաչված մասնագիտություններ, որոնց դեպքում գործում է բարձր կրթաթոշակային ծրագիրը։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մենք անցյալ տարվա ընդունելությունը, որը երկրորդ տարին էր գերակա կրթաթոշակի, 100%-ից ավել փոփոխվել էին ցուցանիշները։ Վստահ եմ, որ այս տարի ևս ունենալու ենք բավական բարձր ընդունելության ցուցանիշներ, թե նախնական և թե միջին մասնագիտական մակարդակներով։
Քանի որ այդ գերակա կրթաթոշակը պահպանվում է ուսանողների առաջադիմության հիման վրա, մեր կողմից իրականացվող մշտադիտարկումները ցույց են տվել, որ սովորաբար առաջին կուրսից հետո ուսանողների 41%-ն է, որ հնարավորություն է ունեցել պահպանել կրթաթոշակը»։
Ինչ վերաբերում է նրան, թե դիմորդների շրջանում ի՞նչ մասնագիտություններ են պահանջված, Սվաջյանն ասաց. «Մասնագիտությունների ցանկը շատ բազմավոլորտ է։ Մենք 150-ից ավելի մասնագիտություններով ընդունելություն ենք այս տարի իրականացնելու։ Գրեթե բոլոր մասնագիտություններով մենք ունենում ենք հայտեր, իհարկե առողջապահության ոլորտի, արվեստի մասնագիտությունները, մասնավորապես որոշ ուսումնական հաստատություններ բավական մեծ մրցույթ են ունենում և այստեղ ազդեցությունը մենք նկատում ենք։
Այնուամենայնիվ, ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ օրինակ անցյալ տարվա տվյալների վերլուծությունը մեզ ցույց տվեց, որ իններորդ դասարանն ավարտող յուրաքանչյուր երրորդ շրջանավարտ դիմել էր մասնագիտական ուսումնական հաստատություն։ Նախորդ ուսումնական տարվա ընդունելության ցուցանիշները 23-24 ուսումնական տարվա համեմատությամբ 11%-ից ավել էին։ Այսինքն մենք տարեց տարի նկատում ենք, որ մեր երիտասարդները առավել հեշտությամբ են կողմնորոշվում, առավել ճիշտ են կողմնորոշվում, և եթե իրենց համար ավագ դպրոցը այդքան էլ արդյունավետ լինել չի կարող, որովհետև իրենք բարձրագույն կրթություն հետագայում չեն ուզում ստանալ, ավելի ճիշտ կողմնորոշված դիմում են մասնագիտական ուսումնական հաստատություններ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











