Այն բոլոր չարաշահումները, որոնց մասին ժամանակին խոսվել է, մենք հիմա պետք է ձևացնենք, որ դրանք չեն եղել, այն բոլոր քննարկումները, որոնց մասին որ խոսվել է, որոնք նախորդել են տարբեր քաղաքական հայտարարություններ, մենք պետք է ձևացնենք, որ չեն եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ զարգացումներին։

«Խոսքը Ազգային ժողովի քննարկումների մասին է, որից հետո համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձինք հրաժեշտ են տվել իրենց աշխատանքին։ Այսինքն մենք այդ ամենը պետք է ձևացնենք, որ չի եղել և հարցերը ներկայացնենք այն համատեքստում, որում որ ներկայացվում են հիմա:

Չէ, այդպես ճիշտ չի, արդար չի, եկեք պարզ խոսենք: Եղել են չարաշխտումներ, մեր բոլոր քաղաքացիները բախվել են հոսանքի հետ կապված խնդիրների: Իհարկե պետք է շարունակեն դեռ բախվել, որովհետև որևէ խնդիր մեկ, երկու, երեք օրում չի լուծվում»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ նույնպիսի քայլեր չեն արվում ջրի մատակարարումների հետ կապված, նախարարն արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասում, որ չեն արվում քայլեր կամ խոսակցություններ չկան այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Կառավարությունում ամեն օր որոշակի կոնկրետ խնդրի լուծման ուղղությամբ քննարկում է տեղի ունենում և կայացվում են համապատասխան որոշումներ։ Իսկ այն հարցը, որ մշտապես բարձրաձայնվում է՝ ինչու հիմա, կներեք, իսկ ե՞րբ, ե՞րբ է ճիշտ ժամանակը։

Յոթ տարի առաջ, եթե նայենք ժամանակագրությունը, տուժերի, տուգանքների ենթարկվել է համապատասխան կազմակերպությունը։ Եթե կումուլյատիվ նայենք այդ տուժերին, ինչու ոչ հիմա, ինչու հիմա չի պահը, ինչու էր դա երեկ, կամ ինչու է վաղը։ Մեկ տարի առաջվանից, այս հարցի հետ կապված քննարկումները սկսել են կրել առավել հաճախակի բնույթ, լսումներ են տեղի ունեցել Ազգային ժողովում և ամենաշատը հնչած հարցադրումը այն է, թե ինչու հիմա և ինչու չակերտների մեջ քաղաքական հայտարարություններից հետո։ Ոչ հարգելիներս այդպես չի եղել, եկեք ճշմարտությունը խոսենք, իրականում այդպես չի եղել»։