Զբոսաշրջային ծառայություններ մատուցող վարորդները բողոքի ակցիա են անում Հանրապետության հրապարակում։ Երևանի քաղաքապետարանը հուլիսի 23-ից արգելել է մեքենաները կայանել Աբովյան փողոցի որոշ հատվածներում՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մինչև Հանրապետության հրապարակ։ Վարորդները համոզված են, որ այդ որոշման հետևանքով կզրկվեն իրենց ապրուստի միջոցից։

Քաղաքային իշխանությունը վարորդներին կայանելու համար այլ վայր է առաջարկել, ըստ վարորդների՝ Շահումյանի հրապարակի շրջակայքը, սակայն այդ տարածքը վարորդների համար զբոսաշրջային տեսանկյունից շահեկան չէ։

Վարորդները հանդիպում են խնդրում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն նրանց ընդունել են քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ։

Ոստիկանության աշխատակիցը կոչ արեց վարորդներին նամակով դիմել քաղաքապետին և շարադրել իրենց առաջարկներն ու պահանջները։ Վարորդներից մեկն էլ արձագանքեց. «Իսկ կարա՞նք գրենք, որ մինչև հարցի լուծում տալը, խնդրում ենք թույլատրեք ստեղ կանգնենք, աշխատենք։ Մենք դիմումը գրում ենք, կանգնում ենք էստեղ մինչեւ պատասխան ստանալը»։

Մեկ ուրիշ վարորդն էլ հավելեց. «Քաղաքը գեղեցկացնում են մեր հաշվի՞ն։ Ոստիկանները այս պահի դրությամբ ասում են՝ դիմումի ձևով ներկայացնենք, բայց մեզ չեն լսելու, որովհետև մարդ կա ներկայացրել է այդ դիմումը ու չի անցել։ Երկու օր է գնում ենք, չենք կարողանում քաղաքապետի հետ հանդիպում ունենալ։ Մեզ լսում են այնպիսի մարդիկ, որ ոչ մի հարցի լուծում չեն կարողանում տալ։ Եթե քաղաքապետը մեզ լսի, միգուցե բան փոխվի, որովհետև ժամանակի մեզ համար ինքը խնդիր լուծել է, տեղ է տվել, որ մենք կանգնենք, աշխատենք»։

Վարորդները հայտարարեցին, որ քանի դեռ լուծում չեն տվել, իրենք մեքենաները հրապարակից չեն հանելու, թեեւ կա վտանգ, որ կտանեն տուգանային հրապարակ։