Ծնունդով Երևանից մաթեմատիկոս, Փենսիլվանիայի պետական համալսարանի պրոֆեսոր Միհրան Պապիկյանը, որը շուրջ 25 տարի է ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում, հուլիսին Երևանում կազմակերպված CIMPA գիտական ամառային դպրոցի շրջանակում ավելի քան երեք տասնյակ գիտնականների և ուսանողների ներկայացրել է էլիպտիկ կորերի և դրանց կիրառությունների մասին:

Հիմնարար և կիրառական մաթեմատիկայի միջազգային կենտրոնի (Centre International de Mathématiques Pures et Appliquées, CIMPA) ամառային գիտական դպրոցի նպատակն է Հայաստանում զարգացնել մաթեմատիկայի ոլորտի արդի և կարևոր թեմաները, որոնցից է օրինակ՝ թվերի տեսությունը, ծածկագրությունը:

NEWS.am –ի գիտահանրամատչելի՝ «Բա իմացար» ալիքի EXPERT հաղորդման շրջանակում Միհրան Պապիկյանը պատմեց ապագա մաթեմատիկոսներին համախմբելու նախաձեռնության մասին:

«Ամառային դպրոցը կազմակերպել ենք իմ գործընկեր Դիանա Դավիդովայի հետ: Դպրոցում ընդգրկված են 10 ուսանողներ Հայաստանից, շուրջ 25-ը՝ աշխարհի տարբեր երկրներից՝ այդ թվում Միացյալ նահանգներից, Լիբանանից, Իրանից: Շատ էնտուզիաստիկ ուսանողներ կան և նրանց հետ շփվելն, իսկապես շատ հաճելի է: Օրինակ ուսանող ունենք, որը Լիաբանանից է ժամանել և պատմում է, որ այնտեղ իրենց տունը ռմբակոծվել է, սակայն ինքն ուզում է զբաղվել մաթեմատիկայով, ձգտում ունի»,-նշեց մաթեմատիկոսը՝ հույս հայտնելով, որ ասպիրանտուրան արտասահմանում շարունակելու դեպքում հայ ուսանողներից մի քանիսը հետ կգան և թվերի տեսությունը կզարգացնեն նաև Հայաստանում։

Խոսելով Հայաստանում մաթեմատիկայի զարգացման հեռանկարների մասին, պրոֆեսորն ասաց.

«Մենք ունենք շատ լավ ուսանողներ, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում մաթեմատիկայով գումար վաստակելը շատ դժվար է, այդ իսկ պատճառով շատերը ստիպված են լինում այլ տեղ աշխատել և պարզապես շեղվում են մաթեմատիկայից, մինչդեռ  մաթեմատիկայով խորությամբ զբաղվելու համար պետք է ժամանակ և կենտրոնացում: Այս հարցում շատ կարևոր է նաև պետական քաղաքականությունը: Կարծում եմ, եթե Հայաստանում մաթեմատիկոսները լավ վճարվեն, մենք այստեղ շատ լավ մասնագետներ կունենանք, այսինքն մարդիկ կուզեն գալ՝ աշխատել այստեղ: Մեր երկրում այդ պոտենցիալը կա. ունենք փայլուն երեխաներ՝ օլիմպիադաների հաղթողներ, որոնք մեծ ապագա ունեն»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: