Երբ ես իմ կարծիքը հայտնում եմ, զգուշավորությունը ո՞րն է, սրանից այն կողմ էլ ի՞նչ պետք է անեմ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ խոսքով աջակցում է եկեղեցուն, կալանավորված սրբազաններին, սակայն իրեն չեն տեսել ոչ Մայր Աթոռում, ոչ միասնական աղոթքի ժամանակ, արդյոք ինքը զգուշանում է։

«Ի՞նչ պիտի անեմ, գամ, այնտեղ ոստիկանների հետ «բարբա» կպնե՞մ, գամ, ի՞նչ անեմ։ Գիտեք, տարբեր մեթոդներ կան պայքարի, իսկ ես այնքան հզոր մարդ եմ, որ գիտեմ թե ինչ պիտի անեմ և որտեղ պիտի անեմ ու որ ժամանակ։ Եթե պետք եղավ, որ ես պետք է փողոցային կռիվ անեմ, ես լավ էլ կարող եմ կռվել փողոցում, ես դրա մասնագետներից եմ, մի մտածի, կտեսնես ինձ առաջնային դիրքերում։ Երբ եկավ առիթը հասավ, ես «բոքսյորներից» լավ կռիվ կարող եմ անել, 10 հոգու հետ կարող եմ կռվել, հիշի։

Եթե այդ ժամանակը հասավ, որ պիտի ձեռնամարտի բռնվել, բայց ես գտնում եմ, որ իմ հասակի մարդը այդպիսի բան իրավունք չունի անելու։ Ես գիտեմ ինչ ճանապարհներով կարելի է պայքարել»,– ասաց նա։