Այսօր դիվանագիտությունը այլևս դեր չի խաղում, որովհետև երբ որ Իսրայելը հանկարծակի հարձակվեց Իրանի վրա, որպես ծխածածկույթ օգտագործում էր հենց դիվանագիտությունը, բայց պարզվեց, որ դա ոչ մի արժեք չունի. ուրեմն դիվանագիտությանը էլ հավատացող չկա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց կրոնագետ, փիլիսոփա, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
«Իրանը Չինաստանի և Ռուսաստանի պատկերացրած եվրասիական արխիտեկտոնիկ հետագա խճապատկերի գլխավոր հատվածներից մեկն է, իրար միացնողն է, դրան հատում է մեծ Թուրանը, դրա համար Ադրբեջանը աներևակայելի արժեք ունի Արևմուտքի աչքում; Հիմա ի՞նչ տեղի ունեցավ, սպասում էին, որ հեսա խփեց ու ավարտվեց ու ընկավ Իրանը, Իրանը կբաժանվի մասերի, կառաջանա Բելուջիստան հարավում, կառաջանա Պարսկաստան, իսկ ավելի հյուսիս արդեն Ադրբեջանը, որը կմիանա այս Ադրբեջանի հետ։ Բայց այդ ամենը չտվեց այն էֆեկտը, ինչը սպասվում էր, որովհետև Իրանի հրթիռների հարվածները Իսրայելին շատ ծանր հետևանքների բերեցին, իսրայելական նավահանգստային քաղաքները բոլորը ընկան հարվածների տակ, ջախջախվեցին զգալի արտադրական հզորություններ և ԱՄՆ–ն Իսրայելի հնարավորությունները վերականգնելու համար կարիքը ունեն մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածի, որ վերականգնի իր ռազմական պոտենցիալը։
Այսօր Իրանը իր բանակը մոտեցրել է Ադրբեջանի սահմանին, լավ հասկանալով, որ դա մահացու հարված էր ուղղված իր դեմ, որովհետև Նաթանյահուի բանակցությունները Ամերիկայում ցույց տվեցին, որ նա հայտարարում է, որ այլևս երկու տակտից, երեք տակտից բաղկացած օպերացիա չենք կարող մենք անել, բոլորս միաժամանակ պետք է հարձակվենք Իրանի վրա։ Այս անգամ ասում է՝ Ադրբեջանը պետք է զորքով մտնի, որպեսզի ոտքի կանգնեն հյուսիսային Իրանի ադրբեջանցիները, հակառակ դեպքում նրանք ոտքի չեն կանգնի։ Ադրբեջանը գլխավոր հարվածային ուժ դիտվում է։
Շատ շատերն ասում են, որ Ալիևը չի գնա դրան, բայց պետք է ասել, որ մեր 44-օրյա պատերազմում էլ նրա հանդեպ եղած վերաբերմունքը Արևմուտքի, աներևակայելի ոչ միայն մեղմ էր, այլ սատարող։ Այսինքն եկել է փոխհատուցման ժամանակը»,– հայտարարեց Վարդան Խաչատրյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ հենց այս համատեքստում պետք է դիտարկել Ռուսաստան–Ադրբեջան հակամարտությունը. «Նա ոչ մի դեպքում չէր գնա այդ քայլերին, այսինքն նա ստիպված է պահել իր գիծը, ոչ թե ուզում է պահել։ Նրան ուղղակի պահում են այդ գծի վրա, որ ինքը պետք է գնա դեմ ռուսներին։ Ռուսները եկել էին Ադրբեջան, որ պայմանավորվեն, որ ոչ մի դեպքում քո հարավում եղած չորս բազաները չես տրամադրելու ոչ Իսրայելին, ոչ ամերիկացիներին։
Իրանը, որպես այդպիսին, աշխարհաքաղաքական ներկայիս այս շրջաբերման մեջ ամենավտանգավոր հատվածներից մեկն է, որովհետև երկու կողմն էլ դիտարկում է իր եզակի շանսը, մեկը կործանել Իրանը, իսկ մյուսը, որ ոչ մի դեպքում Իրանը չպետք է կործանվի։
Բոլոր անալիտիկները այն կարծիքին են, որ Իսրայելը ի վիճակի չի գոյատևել այս ստացած հարվածներով։ Ամբողջ աշխարհի առաջ երևաց, որ հրեական պետությունը, որ միշտ հաղթում է, այստեղ բոլորն իմացան, որ ուղղակի խնդրել է Ամերիկայի պրեզիդենտին միջամտել, որ հրադադար լինի, որովհետև իրենք էլ չեն դիմանում։
Հիմա իրենց անհրաժեշտ է, որ վերազինվեն, բայց պատկերացնել, որ հենց այդպես վերազինվելուց հետո այդպես էլ կմնա, ոչ, Իսրայելը վարում է տարբեր ուղղություններով պատերազմներ, դա շարժում է նաև Ամերիկայում շատ-շատերի խորը հիասթափությունը ու գրգռվածությունը»,– ընդծեց նա։











