Օգոստոսի 1-ին ես անձամբ այցելեցի մետրոյի բոլոր կայարաններ և անսովոր հերթեր չկային։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Երբ մեծ թվով մարդկանց համար փոփոխություններ են տեղի ունենում, անհնար է, որ իրավիճակը մինչ այդ և հետո նույնը մնա», - նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ առաջին օրերին միշտ որոշակի խնդիրներ են լինում։ Սակայն նա հայտարարել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե օգոստոսի 1-ին մեծ կուտակումներ են եղել։

Երևանի փոխքաղաքապետը պարզաբանել է, որ պատահական չէ, որ փոփոխությունների ներդրումը նախատեսվել է իրականացնել հենց օգոստոսին, քանի որ դա համեմատաբար հանգիստ արձակուրդային շրջան է և այդ ամսին անցումը պետք է լիներ աստիճանական և առանց ցնցումների։ «Հուլիսի 30-ին կամ 31-ին ես եղել եմ մետրոյի կայարաններից մեկում՝ «Բարեկամություն» կայարանում և տեսա, որ շատ մարդիկ այլևս չեն մոտենում տոմսարկղերին։ Այսինքն՝ մինչև օգոստոսի 1-ը նրանք արդեն անցել են այլ կրիչների», - ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ դա վկայում է այն մասին, որ մարդիկ նախապես տեղեկացված են եղել և ինքը համաձայն չէ այն պնդման հետ, թե պատշաճ տեղեկացում չի եղել։

Ավելին, պաշտոնյան նշել է, որ իրենք ունեն քաղաքացիների իրազեկվածությունը հաստատող կոնկրետ ցուցանիշ՝ տրանսպորտային քարտերի վաճառքի վիճակագրությունը։ Օգոստոսի 1-ի մոտենալուն պես քարտերի վաճառքը աստիճանաբար աճել է, իսկ 1-ին գրանցվել է կտրուկ աճ, որը չի նկատվել ո՛չ նախկինում, ո՛չ էլ դրանից հետո։

Սուրեն Գրիգորյանը նաև կարծիք է հայտնել, որ տոմս ձեռք բերելու ամենահարմար միջոցն օնլայն դրամապանակի միջոցով գնումն է, քանի որ այն թույլ է տալիս խուսափել հերթերից։ Սակայն նա ընդգծել է, որ իշխանությունները հասկանում են, որ բոլոր քաղաքացիները՝ հատկապես տարեցները չեն կարողանում ազատորեն օգտվել սմարթֆոններից և հենց այդ պատճառով էլ նախատեսվել են վճարման այլընտրանքային տարբերակներ։