Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Մայակ թաղամասի բնակիչները բողոքում են՝ վերջին շրջանում պարբերաբար ջրանջատումներ են լինում թաղամասում։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը պատմեց.

«Ամառվա էս տապին ջուրը անընդհատ անջատում են, մարդիկ լոգարանում լողանում են, ջուրը անջատում են, օճառը մնում ա վրաները։ Երեխայիս լողացնում էի, օճառը գլխին, ջուրն անջատվեց։ Զանգել եմ «Վեոլիա ջուր», ասում են՝ հավաքած ջուր ունեցեք։ Այսինքն երկու տարեկան երեխաս պիտի լոգարանում մնա այնքան, մինչև ես հավաքած ջուրը տաքացնե՞մ։ Ամեն օր էս վիճակն ա»։

Բնակիչը նշեց, որ Վարդավառի օրը նույնպես թաղամասում ջուր չի եղել։

«Կենտրոնում տուրիստներին ցույց են տալիս, որ ամեն ինչ լավ ա, ջրի երկիր ա, ծայրամասում ժողովուրդը անգամ խմելու ջուր չունի»,–հավելեց նա։

Թաղամասի բնակիչներն, իրենց խոսքով, իրենց արհամարհված են զգում։

«Ուզում են ասել՝ կարող ենք 45 աստիճան շոգի պայմաններում ձեզ փորձությունների ենթարկել։ 10 օր ա՝ ջուր չենք տեսել, կամ կաթիլներով ենք տեսել։ Ոչ մեկ պարտավոր չի ամառվա շոգին վեդրոներով ուրիշ թաղամասից ջուր բերել»,–բողոքեց բնակիչներից մեկը։

«Վեոլիա ջուր» ընկերությունից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 4, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածները, Ջրվեժ գյուղը:

«Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով
օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Նշենք, որ վերը նշված
վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և տեղանքի
առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից:
Հավատացնում ենք, որ Վեոլիա Ջուրը գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունն ու ողջ
պատասխանատվությունը: Թիմն աշխատում է շուրջօրյա, ամենօրյա աշխատանք է տանում ջրակորուստները կանխելու
և այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար: Ամեն մարդ իր տեղում է, մոբիլիզացվել են բոլոր
ռեսուրսները, աղբյուրներից, պատկերավոր ասած, քամվում է ամբողջ ջրաքանակը:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հավատացնում, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և արվում է
հնարավոր ամեն ինչ նշված տարածքներում ջրամատակարարումը հնարավորինս շուտ կարգավորելու համար»,–հայտնեցին ընկերությունից: