Երեկ երեկոյան Ներքին Չարբախի տներից մեկում գազաբալոնի պայթյունի հետևանքով բռնկված հրդեհից տուժած ընտանիքն այս պահին բարեկաների տանն է ժամանակավոր ապաստանել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց հրդեհված տան բնակիչ Ռազմիկ Ավետիսյանը։
«Աշխատանքի էի, զանգեցին, ասացին շուտ հասի, տունդ վառվում է։ Տաքսի նտեցի, արագ եկա, հրշեջներն արդեն մարում էին կրակը։ Տունն ամբողջությամբ այրվել է, տատիկիս հետ էի ապրում այստեղ»,–ասաց նա։
Ռազմիկ Ավետիսյանը պատմեց, որ հրդեհի բռնկման ժամանակ տատն է տանը եղել։
«Ճաշը դրեցի գազին ու մի րոպեով դուրս եկա, մտա տուն, տեսա բռնկվել ա, վառվում ա։ Ջուր լցրեցի, բայց չկարողացա հանգցնել։ Լավ ա էդ պահին հասկացա, դուրս եկա, թե չէ ես էլ կվառվեի։ Առանց տուն ենք մնացել»,–պատմեց Լիդա Ավետիսյանը։
Ռազմիկ Ավետիսյանը նշեց, որ թե՛ ինքը, թե՛ տատը առողջական լուրջ խնդիրներ ունեն. չնայած դրան ֆիզիկական ծանր աշխատանք է կատարում՝ իր և տատիկի կարիքները հոգալու համար։
«60 հազար դրամ էի տվել, 16 հատ տախտակ առել, որ մի բան գոնե առաջ գցեի, տունը մի քիչ կարգի բերեի։ Ամբողջ գիշեր նյարդային վիճակի պատճառով չեմ կարողացել քնել։ Տան ամբողջ գույքը այրվել է»,–հավելեց նա։
Հրդեհի հետևանքով տուժած ընտանիքն անելանելի դրության մեջ է հայտնվել և աջակցություն է ակլնկալում։











