Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տնօրինությունը չափազանցված է համարում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո խոտածածկի լուրջ վնասվելու մասին լուրերը։
Այսօր՝ օգոստոսի 7–ին, ստադիոնի տնօրինությունը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է, որ մեծ խնդիր չկա, մասնագետներ են եկել, գնահատել: Կվերականգնվի, պրոցեսն արդեն սկսված է: Թե իրականում ի՞նչ վիճակում է խոտածածկը նկարահանել չհաջողվեց: Մարզադաշտի տնօրինությունը հայտնեց, որ նկարահանման համար հարկավոր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թույլտվությունը: Ֆեդերացիայի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի օգոստոսի 3-ի երևանյան համերգից հետո լուրեր տարածվեցին, որ մարզադաշտի խոտածածկը լրջորեն վնասվել է: 30 հազար հանդիսատեսի մի հատվածը համերգին հետեւել էր ֆան գոտուց, որը խաղադաշտի կենտրոնում էր՝ խոտածածկի վրա: Թեև դրա պաշտպանության համար Վրաստանից բերված հատուկ պլաստմասե ծածկույթ էր տեղադրվել, սակայն շուրջ երկու ժամ տեւած համերգի ընթացքում հայ երկրպագուների աշխույժ պարը, այդուհանդերձ, վնասել էր խոտածածակը: Վերականգնման արժեքի, ժամկետների և ֆինանսավորման հարցերի վերաբերյալ պատասխանները կստանանք Ֆուտբոլի ֆեդերացիայից: NEWS.am Sport-ը գրավոր հարցում է ուղարկել, սակայն մինչև այժմ պատասխան չի ստացել: Մարզադաշտից հայտնում են, որ գուցե միայն Արարատ-Արմենիայի կոնֆերենցիաների լիգայի խաղը հետաձգվի, որը նախատեսված է օգոստոսի 14-ին: Իսկ սեպտեմբերի 6-ին նախատեսված է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ կարվի ամեն ինչ խաղադաշտը պատշաճ վիճակի բերելու համար:











