Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հայ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու ռուսական միջնորդությամբ չհաջողվեց իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում։ Փաշինյանն ասել է, որ նույն բանաձեւը, որի շուրջ եկել են համաձայնության, Հայաստանը առաջարկել է նաեւ Ռուսաստանի Դաշնությանը։

«Հիշում եք, որ եռակողմ աշխատանքային խումբ կար, որը զբաղվում էր տարածաշրջանային կոմունիկացիաների հարցով։ Մենք այդտեղ միշտ պատրաստակամություն ենք հայտնել այս տրամաբանությամբ աշխատելու եւ մեզ համար այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ինչու, այնուամենայնիվ, ուղղակի կամ անուղղակի ձեւերով խոչընդոտվեց դա։

Տեղի չունեցավ դա, որովհետեւ մենք տեսնում էինք, որ պրոսեցները փորձ է արվում տանել այն ուղղությամբ, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը իրավազորությունը նսեմացվի, ինչին մենք որեւէ կերպ չէինք կարող համաձայնվել։ Որեւէ մեկը չի կարող մեզ մեղադրել անկեղծ չլինելու մեջ, որովհետեւ մենք միշտ ասել ենք՝ դա մեզ համար կարմիր գիծ է։ Այս առումով իրադրության փոփոխությունն այն է, որ այս տեքստում շատ ավելի բացված է գրված»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ  համատեղ հռչակագրում, որը Վաշինգտոնում որպես կողմեր ստորագրել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եւ որպես վկա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նշվում է, որ կողմերը վերահաստատում են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ «Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,– ասվում է երրորդ կետում։

Փաստաթղթի չորրորդ կետի համաձայն՝ Հայաստանն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի  տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։