Կապանում օգոստոսի 16-ին տոնական միջոցառումներով նշել են քաղաքի տոնը։ Օրը սկսվել է վաղ առավոտյան` ավանդական ծաղկեդրմամբ։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, մի խումբ հոգևորականներ, Ազգային ժողովի պատգամավորներ ու պատերազմի մասնակիցներ ծաղիկներ են խոնարհել առաջին հանրապետության հիմնադիր, Կապանի Դավիթ Բեկ գյուղում ծնված Արամ Մանուկյանի, ապա նաեւ Սյունիքի ազատամարտի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանին։ Նրանք Բաղաբուրջի հուշահամալիրում հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակը։
Կապանի հյուրերը քաղաքի մշակույթի տանը բացված «Հին ու նոր Կապան» խորագրով ցուցադրությանը հնարավորություն են ունեցել տեսնել ու համեմատել՝ որքան է փոխվել քաղաքը տարիների ընթացքում։
«Զավակներդ հայրենատեր, ընթացքդ հարատև՛» խորագրով միջոցառմանը շնորհավորական խոսքով է հանդես եկել քաղաքապետ Գեւորգ Փարսյանը՝ ներկայացնելով քաղաքի վերջին տարիների ձեռքբերումները։
Նա Կապանի տոնի առիթով շնորհակալագրերի ու պատվոգրերի է արժանացրել քաղաքի զարգացման հարցում մեծ ներդրումներ ունեցած մի շարք անձանց։
Կապանի օրն այս տարի նշանավորել են առաջնորդող թեմայով՝ անդրադառնալով Արամ Մանուկյանի կերպարին։ Ծննդավայրում նախատեսվում է առաջին հանրապետության հիմնադրի տուն-թանգարանի բացումը։
«Նրա կյանքն ու գործունեությունն առանց չափազանցության դասագրքային բացառիկ օրինակ են և պատասխան այն հարցերին, թե ինչ են պետությունն ու պետականությունը, ինչ է դիվանագիտությունը, ինչ ասել է համազգային միասնություն և ինչպես կարելի է դրան հասնել»- իր խոսքում նշել է քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։
Կապանի մշակույթի տանը տեղի է ունեցել նաև «Սյունյաց Երկիր» թերթի «Հայոց Մեծ Արամը՝ Կապանա տնից» խորագիրը կրող համարի շնորհանդեսը։ Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի խոսքով՝ հատկապես այս օրերին, երբ քննարկվում են Սյունիքի հետ կապված հարցեր, մեր պետությունն ու պետականությունը վճռորոշ ժամանակներ են ապրում, չափազանց կարևոր է անդրադառնալ Արամ Մանուկյանի կերպարին, քանի որ նրանից սովորելու շատ բաներ կան։
«Մոտ 600 տարվա կորցված պետականությունը վերականգնեց ինքը՝ Արամ Մանուկյանը, և այդ առումով մենք նպատակահարմար գտանք անպայման հիշել և հիշեցնել հանրությանը Արամ Մանուկյանի մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Ալեքսանյանը։
Քաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է համաքաղաքային ֆլեշմոբով, անկացվել է հեծանվավազք, որի հաղթող մասնակիցներն արժանացել են մեդալների։ Տոնական օրն ամփոփվել է մեծ գալա համերգով։











