Նկատի ունենալով մեր երկրների միջև փոխադրումների աճող ծավալները, մենք համաձայնության ենք հասել հայ-իրանական սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու մասին։ Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ամենակարևոր նախագիծը Հայաստանից Իրան տանող երրորդ էլեկտրահաղորդման գիծն է։ Փաշինյանը նշել է, որ այս հարցը քննարկել է նաև Իրանի նախագահի հետ։ Նրա խոսքով՝ կողմերը հստակ փոխըմբռնում ունեն, որ նախագիծը պետք է ավարտվի հնարավորինս շուտ։ «Երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործման հանձնման շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելացնել Իրանին էլեկտրաէներգիայի մատակարարումները», - նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Նա ասել է, որ Հայաստանը ռազմավարական նպատակ է դրել մեծացնել Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալը՝ սկզբում հասնելով 1 միլիարդ դոլարի, ապա՝ 3 միլիարդ դոլարի։ Փաշինյանը վստահեցրել է, որ այսօր կողմերը մոտեցել են 1 միլիարդ դոլարի նշագծին և հետևողականորեն աշխատում են հաջորդ նպատակին հասնելու ուղղությամբ։ Այս առումով, ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, նրա կարծիքով, նոր հնարավորություններ է բացում երկու երկրների ձեռնարկատերերի համար։

Նա ընդգծել է, որ ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ, Իրանի հետ համագործակցությունը ներառում է բազմաթիվ այլ ոլորտներ՝ տնտեսություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա, առողջապահություն, մշակույթ, բնապահպանություն և շատ ավելին։ «Դրանցից յուրաքանչյուրում մենք տարեցտարի նոր հորիզոններ ենք բացահայտում մեզ համար։ Հայաստանի և Իրանի միջև մի շարք գոյություն ունեցող ենթակառուցվածքային նախագծեր արդեն անցել են գործնական փուլ և այդ նախագծերը ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար», - պարզաբանել է վարչապետը։

Նա այդպիսի ռազմավարական կարևոր նախագծերից մեկն անվանել է Քաջարան-Ագարակ տանող ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածը, որի կառուցումը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը։ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ 32 կիլոմետրանոց ճանապարհը ժամանակին կհանձնվի շահագործման և Հայաստանի և Իրանի ղեկավարները կկարողանան նշել երկու երկրների ևս մեկ հաջողություն։

«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ ռազմավարական հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր կառավարությունների ակտիվ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք իրականացնել նոր համատեղ ծրագրեր՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների», - եզրափակել է նա։