Իրանն ու Հայաստանը հետաքրքրված են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ակտիվացմամբ։ Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ տարանցիկ երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային ուղիների զարգացումը, երկու երկրների ներուժի օգտագործումը, առևտրի զարգացումը և ընդհանուր ազատ տնտեսական գոտիների ստեղծումը Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ոլորտներ են, որոնց շուրջ կողմերը կառուցողական երկխոսություն են վարում։
Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը ձգտում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում և դրանք հասցնել ռազմավարական մակարդակի։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները լավ են զարգանում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտում, էներգետիկայում, ճարտարագիտական ծառայություններում, մշակույթում և բժշկության մեջ։
«Մենք բովանդակալից բանակցություններ ունեցանք Հայաստանի վարչապետի հետ և այսօր ստորագրվեցին փաստաթղթեր, որոնց արդյունքում ընդգծվել է նաև փոխադարձ այցելությունների կարևորությունը։ Մենք նաև քննարկեցինք սահմանային անվտանգությունը և զբոսաշրջության զարգացումը։ Ընդգծելով հարաբերությունների զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակման կարևորությունը և հենվելով վստահության առկա մթնոլորտի վրա՝ մենք ձգտում ենք զարգացնել համագործակցությունը, հատկապես տնտեսական ոլորտում», - հավելել է Իրանի նախագահը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետը շուտով կայցելի Իրան։











