Տարածաշրջանային բոլոր խաղացողների շահերը պետք է հաշվի առնվեն։ Դրա մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև փաստաթղթերի նախաստորագրումը և ստորագրումը։
Ըստ նրա՝ բավական է նայել տարածաշրջանի քարտեզին՝ հասկանալու համար, թե ինչպես է Ռուսաստանը կապված Հարավային Կովկասի հետ։ «Տարածաշրջանի բոլոր երկրները, դրանց թվում՝ մեր ամենամոտ դաշնակիցը՝ Հայաստանը, հասկանում են դա»,- նշել է Սելեզնյովը։ Ինչպես նշել է դեսպանատան ներկայացուցիչը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարությունը, ներառյալ՝ ամենաբարձր մակարդակով, ռուսական կողմին տեղեկացրել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Ռուսական կողմն, ըստ նրա, միշտ և հետևողականորեն աջակցել է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ցանկացած ջանքի։ «Ցանկանում եմ նշել, որ մեզ համար հատկապես կարևոր է, որ ընթացող գործընթացները բխեն բոլոր կողմերի շահերից, և որ դրանք համաձայնեցվեն բոլոր տարածաշրջանային խաղացողների, դրանց թվում՝ Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք սերտորեն համագործակցում են Հայաստանի հետ ԵԱՏՄ շրջանակում։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանայինից դուրս խաղացողների մասնակցությունը չպետք է որևէ նոր դժվարություն կամ նոր բաժանարար արգելքներ ստեղծի»,- ընդգծել է դիվանագետը։
Նա հավելել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված հանդիպումից հետո առաջացած նրբությունները քննարկվել են և կշարունակվեն քննարկվել բազմաթիվ կանոնավոր, դրանց թվում՝ քաղաքական շփումների ընթացքում։ «Մենք քննարկել ենք Հայաստանի Հանրապետության պարտավորությունները միասնական մաքսային տարածքում իր ներկայության շրջանակում, ինչպես նաև սահմանային վերահսկողության վերաբերյալ երկկողմ համաձայնագրերը, ներառյալ՝ Հայաստանի հարավային սահմաններում»,- շեշտել է Սելեզնյովը։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային՝ նա, մասնավորապես, հիշեցրել է, որ եռակողմ համաձայնագրերը, որոնց մաս են կազմում Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը, չեն կորցրել իրենց արդիականությունը, կողմերից ոչ մեկը չի հրաժարվել դրանցից։











