Ադրբեջանի կարգավիճակը ռեգիոնում մեծանում է, Ադրբեջանի հայտարարությունը, որ այլևս Հայաստանի հետ կոնֆլիկտ չի լինելու, առնվազն մի քանի բանի մասին է պնդում, որ Հայաստանը լիովին ու ամբողջությամբ կապիտուլացվել է, Հայաստանը հրապարակային և ոչ հրապարակային համաձայնվել է Ալիևի բոլոր նախապայմաններին, որոնցից են ադրբեջանցիների վերադարձը, անկլավների հարցը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Այո, ադրբեջանցիները այո գալու են Հայաստան և ապրելու են այստեղ։ Բոլոր այն իշխանական պոպուլիստ սազանդարները, որ ասում են փաստաթղթում չկան այդպիսի թեզեր, վստահեցնում եմ՝ այդ պայմանավորվածությունները շատ վաղուց կան։
Հաջորդը, եթե հանկարծ իրավիճակը որոշակիորեն փոխվի և Ադրբեջանը որոշի, որ ամբողջ Սյունիքն է անեքսիայի ենթարկելու, դրա համար առիթներ գտնելը դժվար չի լինի։ Այսինքն կլինեն ամերիկյան այսպես մոնիտորինգի կամ ուղեկցորդական, պահնորդական ծառայության ներկայացուցիչներ, թե դրանց տակ կլինեն թուրքերը, թե կլինեն երրորդ, չորրորդ եվրոպական կամ այլ երկրների ներկայացուցիչներ, առիթ կամ պրովոկացիա միշտ կարելի է կազմակերպել։ Դա տեխնիկայի հարց է։
Ադրբեջանի այս ծավալի զինումը տարբեր թիրախներ իհարկե պետք է ունենա։ Դա մի կողմից ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոչ միանշանակությունն է։ Մի կողմից տեսնում ենք էմոցիոնալ քայլեր, կոշտ գնահատականներ, մյուս կողմից տեսնում ենք Ռուսաստանի ղեկավարի շնորհավորանք Ալիևի կնոջ տարեդարձի առթիվ։ Մի կողմից կա հակադրություն, մյուս կողմից կան ընդհանուր շահեր, դիվանագիտական ժեստեր, դուռը չի չեն շրխկացնում իրար վրա, այնուամենայնիվ Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերությունների այդպիսի վիճակ, ինչպիսին հիմա կա։
Հաջորդը, Ադրբեջանի զինման հարցը, իհարկե, կապված է Իրանի հետ: Կարծում եմ՝ Իրանի շուրջ իրավիճակը դեռևս սրվելու է»,– ընդգծեց քաղաքագետը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե եթե հասարակությունը դեմ է իր վարած քաղաքականությանը, կարող է հեղափոխություն անել, Ալեն Ղևոնդյանն ասաց. «Ընդհանրապես, երբ դու լավ ես ճանաչում քո հասարակությանը, իր զարկերակը լավ ես զգում, դու կարողանում ես շատ լավ մանիպուլյացիաներ առաջ քաշել: Գործող վարչապետը շատ լավ է ճանաչում հայ հասարակությանը: Իսկ երբ դու լավ ես ճանաչում կոնկրետ այն թիրախին, ում հետ դու աշխատելու ես, դու կարողանում ես իրեն շատ լավ կառավարել: Այդ թվում ինքը շատ լավ ճանաչում է ընդդիմությանը: Ինքը շատ լավ հասկանում է, թե ով ինչ կարող է։ Մյուս կողմից իշխանությունն ամենաուժեղն է, ինքը ունի ռեպրեսիվ, ուժային, լեգիտիմ, լեգալ համակարգ՝ ոստիկանություն, ԱԱԾ, ուժային կառույցներ, որոնցով ինքը կարողանում է որոշակի գործողություններ իրականացնել, նախահարձակ լինել՝ ապահովելու իր աթոռի անվտանգությունը»։











