ՇՀԿ–ում խոսում են նաև համատեղ զինված ուժեր ունենալու մասին, այս կազմակերպությունը միայն տնտեսական չի, նաև գնում են հնարավորինս դեպի ռազմական ալյանսի. այսինքն միասնական, գլոբալ, ինչ-որ չափով միաբևեռ աշխարհ այլևս գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այո, մենք հիմա տեսնում ենք, որ կա Միացյալ Նահանգներ, որը մի բևեռն է։ Հետաքրքիր է, որ կա Եվրոպական Միություն, որը բազմաթիվ հարցեր ունի Միացյալ Նահանգների հետ քաղաքական մոտեցումներում։ Նաև գլոբալ հարավ-արևելքում է ընդհանրական ուժ ձևավորվում, ՇՀԿ–ից բացի կա նաև ԲՐԻԿՍ–ը։ Ես կարծում եմ՝ աշխարհը տրանսֆորմացիայի է ենթարկվում և այն միաբևեռ աշխարհը, որը կար 10-15 տարի առաջ, այլևս չկա»,–ասաց նա։
Հարցին՝ եթե Հայաստանը ՌԴ–ի հետ բարեկամ երկիր է, ինչո՞ւ է հայտարարում ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին, անգամ չի բացառում ԵԱՏՄ–ից դուրս գալը, Խաչատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ այստեղ նաև խաղը Եվրոպայի ուղղությամբ է։ Եվրոպացիները առաջատար դիրքեր էին ուզում գրավել Հայաստանի և Ադրբեջանի մեջ հարաբերությունների կարգավորման հարցում, հիմա ԱՄՆ–ն ստացավ առավելությունը և եվրոպացիներին ցույց տալու խնդիր կա, որ ամեն դեպքում դեպի Եվրամիություն մեր ընթացքը անկասելի է, չենք բացառում Եվրամիություն գնալը, ինչը նշանակում է ԵԱՏՄ–ից դուրս գալ։ Բայց այդ ծիծաղաշատ օրենքը ընդունելուց հետո ոչ մի քայլ Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել դեպի Եվրամիություն գնալու ուղղությամբ»։
Նա կասկած հայտնեց, որ ենթակառուցվածքները կառուցելուց հետո 99 տարով Հայաստանի ինքնիշխան տարածքը երրորդ կողմին վարձակալության հանձնելու հարցը կրկին դառնալու է օրակարգային, մանավանդ, որ հարցազրույցում Արարատ Միրզոյանն ասել է՝ երրորդ կողմին վարձակալության տալու հարցը առայժմ չկա. «Այնպես որ այստեղ մենք շատ լուրջ անվտանգային խնդիրների առաջ ենք կանգնած թե երկկողմ հարաբերություններում, թե տարածաշրջանային ապակայունացման ռիսկեր են պարունակում»։











