Մինչև Վաշինգտոնի համաձայնագիրն էլ վարչապետը իր ելույթում ասաց, որ այլևս պատերազմ չի լինելու և այսքան զրկանքներից հետո վարչապետը հասավ նրան, ինչը որ պետք էր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
«Նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը և ես վստահ եմ, որ պատերազմ չի լինելու։ Դրա երաշխիքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն ուղիղ բանակցում են և լուրջ մակարդակով ստորագրվել է այդ փաստաթուղթը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Ալիևը շարունակում է խոսել ՀՀ սահմանադրության փոփոխության մասին, շարունակում է զինվել, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Եթե ցանկացած երկիր ունի բանակ, ինքնապաշտպանական զենքեր գնելու իրավունք ունի և իրավունք ունի զինվելու։ Հիմա մենք թե այս մեկն ինչ է անում, այն մյուսն ինչ է անում, դա պետք է չվերածենք նրա, որպատերազմ է լինելու։ Մենք պետք է գնանք նախատեսված ճանապարհային քարտեզով, ինչը մեզ համար ընդունելի է, և մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եե ինչ են անում, ինչ են հայտարարում ըստ էության, դա արդեն բանակցությունների շրջանակներում մենք կտեսնենք»։
Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, թե սա հերթական կապիտուլյացիան էր, Գրիգորյանն ասաց. «Ես կարծում եմ՝ սա ընդդիմության քաղաքական վախճանն էր, որովհետև իրենց այն թեզերը, բոլոր ստերը, որ այսպես է լինելու, այդպես չեղավ։ Հիմա այլ բան չունեն իրենք ասելու։ Հանրությունը մեզ վստահում է և խաղաղության կողմնակից է։ Սա Հայաստանի մի նոր էջ է, որով Հայաստանը սկսելու է զարգանալ, թե տնտեսապես, թե ֆինանսապես, թե բարոյապես։
Մենք ունենք խաղաղության խաչմերուկ ծրագիր և դրան հասնելու ենք։ Թե ինչ ենք անելու, այդ մասին կասենք քարոզարշավի ժամանակ։ Ասինքն մենք չենք գնալու ասենք՝ էս փաստաթուղթը բերել ենք, ու վերջ, մեզ ընտրեք։ Մենք գնալու ենք ասենք, թե ինչ ենք անելու, ու մինչը ընտրություններ, դեռ մի տարի կա, մենք շատ բան, վստահ եմ՝ կանենք և հանրությունը դա կտեսնի»։
Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչու իշխանությունը չհամաձայնեց նոյեմբերի 9–ի փաստաթղթի 9–րդ կետին, փոխարենը համաձայնեց Վաշինգտոնի համաձայնագրին. «Որովհետև փաստացի ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին պահում էր պատանդի կարգավիճակով։ Մենք բոլորս էլ գիտենք այն ժամանակ բեռնատարներ էին գնում, այնտեղ ոնց էին անցնում այդ բեռնատարները, թեկուզ հացահատիկով բեռնված։ Ամենակարևորը, Հայաստանը գումար էր փոխանցել զենք գնելու նպատակով և մինչ այս պահը այդ զենքը չեն տրամադրել և նույնիսկ գումարը հետ չեն տվել։ Հիմա ո՞նց կարելի է այդպիսի դաշնակցին կամ բարեկամին վստահել այլևս»։
Հիշեցմանը, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանիը ՌԴ–ի հետ հարաբերությունները եղբայրական կոչեց, ՔՊ–ական պատգամավորը նշեց. «Եթե մենք ունենք երեք եղբայր, մեկ եղբորը մշտապես գումար ենք տալիս և նա տանում է ոչ լուրջ բաների վրա է ծախսում, մյուս եղբայրը տնտեսում է և ծախսում է տան, ընտանիքի վրա, հավանաբար դու կվստահես երկրորդ եղբորդ։ Հիմա մենք ճկուն ենք քաղաքականության մեջ և ըստ էության, ով մեր հետ է, ով մեր բարեկամն է, մենք իր հետ ենք։
Մենք տեսանք, որ ռուսները մեզ չօգնեցին, չկատարեցին իրենց ՀԱՊԿ պարտականությունը, և մենք սառեցրեցինք ՀԱՊԿ–ում մեր գործակցությունը։ Հիմա մենք Վաշինգտոնում ստորագրեցինք մի փաստաթուղթ, որը վստահաբար մի նոր էջ բացեց և բացելու է Հայաստանի Հանրապետության համար»։











