Մեր ծննդավայր, մեր հայրենիք վերադառնալու հարցը մեր միջազգային տեսակետից իրավունքն է, և մենք չենք պատրաստվում դրանից հրաժարվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Արցախցին իրավունք ունի վերադառնալու իր հայրենիք, իր տուն, իր գերեզմանների մոտ, իր սրբությունների մոտ։ Դա մեր համար փակ թեմա չէ։ Երևի հարց կառաջաա՝ ինչպես. դա քննարկումների հարց է և պետք է այս հարցի շուրջ ստեղծվի հնարավորություն այդ բանակցությունները իրականացնելու համար։ Դուք տեղյակ եք, որ Շվեյցարիայի խորհրդարանը նախաձեռնել է նման հնարավորություն, և մենք հույս ունենք որ այդ հնարավորությունից մենք կօգտվենք։ Բացի դրանից նաև այլ միջազգային խաղացողներ այլ պետություններ, տեսնելով 100 հազարից ավելի  արցախցիների բռնի տեղահանումը կնախաձեռնեն նման հնարավորություն և կքննարկվի մեր արժանապատիվ և անվտանգ վերադարձը հայրենիք»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվել է, այս պայմաններում ի՞նչ խողովակներ պետք է նպաստեն, որ այդ հարցը նախ օրակարգ վերադառնա, և հետո նաև ինչ-որ գործնական լուծում ստանա, Շահրամանյանն ասաց. « Մենք դեմ ենք արտահայտվել Մինսկի խմբի լուծարմանը, քանի որ դա միակ միջազգային հարթակներում ստեղծված մեխանիզմ էր Արցախի հարցով, Արցախի կոնֆլիկտով զբաղվելու համար։ Մինսկի խմբի գոյության պայմաններում ևս հնարավոր է եղել Արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից, և մենք հուսով ենք, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ այդ հնարավորությունից օգտվելու համար։

Արցախի հարցը փակելը, Մինսկի խմբի լուծարումը,  Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելը, այդ ամենն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից տված մանդատի շրջանակներում։ Փաշինյանն ասում է, որ եթե դուք դեմ եք այն այն ամենին, ինչ որ ես անում եմ, հեռացրեք և շարունակեք առանց ինձ։ Այս պարագայում ես համարում եմ, որ ցանկացած Հայաստանի քաղաքացի, անկախ նրանից մասնակցել է ընտրություններին, ընտրել է ինքը այդ քաղաքական ուժին, կրում է այստեղ իր բաժին պատասխանատվությունը։ Ես հուսով եմ, որ առաջիկա հնարավորության դեպքում, ես ի նկատի ունեմ ընտրությունների պարագայում, Հայաստանի քաղաքացին իր խոսքը կասի և ըստ դրա մենք, որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, արցախցիները ևս կկողմնորոշվենք այս հարցերում»։