Ես այդ գործերով ունեմ վկայի կարգավիճակ, քննչական կոմիտեից հրավիրելու պարագայում պատշաճ կներկայանամ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հարցին՝ Ի՞նչ գործեր են դրանք, նա պատասխանեց. «Հաշվի առնելով քրեական գործի շրջանակներում գաղտնիությունը, որ պետք է ապահովվի, չեմ կարա մանրամասն բացատրեմ, բայց դա վերաբերում է Արցախում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին»։

Իր հնարավոր կալանավորման մասին էլ ասաց. «Մենք ամեն ինչի պատրաստ ենք»։

Ինչ վերաբերում է իր նկատմամբ Սամվել Բաբայանի տված հաղորդմանը, Շահրամանյանը նշեց. «Ես տեղյակ չեմ, թե ինքը ինչ հաղորդագրություն է տվել, կամ ինքն է տվել, թե չէ։

Եթե չլիներ նման քրեական գործ, ես գտնում եմ, որ դա պետք է նախաձեռնել, որպեսզի դրա շրջանակներում պարզվեր ճշմարտությունը»։