Որևէ տարբերակ չկա, որ Արցախի հարցը չլուծվի, որովհետև միջազգային իրավունքը բխում է մի հիմնարար սկզբունքից, որ ուժի միջոցով, ուժի սպառնալիքով որևէ մի խնդիր չի կարելի լուծել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը։
«Այսօր ոչ միայն ուժի միջոցով, այլ ցեղասպանության միջոցով է լուծվել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այսօր դժբախտաբար և Թրամփը, և Պուտինը, որը համաձայնեց լուծարելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը, փաստորեն իրենք ցեղասպանական գործողություններին դառան աջակցողներ, որը սոսկալի է միջազգային իրավունքով։ Իհարկե, ես հասկանում եմ Ռուսաստանը ինչու է այդպես վարվում, Ռուսաստանը ունի այսօրվա շահեր, պատերազմի հետ կապված խնդիրներ, որպեսզի Թուրքիան ակնհայտորեն հանդես չգա Ուկրաինայի կողմից, Պուտինը համաձայնեց այդ քայլին։
Երկրորդը, ինքնորոշման իրավունքը այնպիսի իրավունք է, որը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է և հետևապես չի կարող պատահել, որ որևիցե պարագայում դա մոռացվի։
Ղարաբաղի հարցը լուծվելու է, բայց այսօր մի խնդիր կա, ի՞նչ երաշխիքով պետք է Ղարաբաղի ժողովուրդը հավաքականորեն վերադառնա Ղարաբաղ, խոսքը հավաքական վերադարձի մասին է։ Եթե մենք ունենայինք մի գոնե մեկ տոկոս ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն, այսօր այդպես չէր լինի։
Հասարակ մի օրինակ բերեմ։ Սովետական Միության ժամանակ, երբ որ տեղի ունեցավ Սումգայիթյան դեպքերը, տարբեր տեղերում պետությունը իր վրա վերցրեց, տներ կառուցեց սեփական, նվիրեց Սումգայիթից եկածներին։ Մինչև հիմա Եղվարդում երկու թաղամաս կա, մեկը Սումգայիթյան թաղամաս է կոչում, մեկը Բաքվի թաղամաս է կոչում։ Իսկ այսօր բոլոր պայմանները ստեղծվում են, որ ղարաբաղցիները Հայաստանում էլ չմնան»,–ասաց նա։
Կիմ Բալայանը նկատեց, որ ոչ մի բան Նիկոլ Փաշինյանի գլխում հենց այնպես չի ծնվում. «Իհարկե համաշխարհային հզոր ինստիտուտներ կան պրոթուրքական, որոնք աշխատում են իր ծրագիրը մշակելու վրա, բայց Վազգեն Սարգսյանը մի խոսք ուներ՝ ղարաբաղցիներից վախեցեք այն ժամանակ, երբ զենքով կտեղափոխվեն Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը այդ կարգախոսը հաշվի առնելով պոստ դրեց Ղարաբաղից եկողների համար, որպեսզի որևէ մի զենք չկարողանան տեղափոխեն Հայաստան։
Ամեն ինչ մտածված է իր կողմից, այն որ ինքը այսօր պրոթուրքական քաղաքականություն է վարում, նրանց ներկայացուցիչն է մեր երկրում, ես դրանում կասկած չունեմ։
Եթե ոչ մեկ, երկու, ապա առնվազն հինգ տարի հետո ես կարծում եմ՝ Ղարաբաղի վերադարձի իրավունքը ապահովված է։ Մենք իշխանություն չունենք, մենք ունենք Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչը մեր երկրում»,– ընդգծեց Կիմ Բալայանը։











