Ես մեքենայի մեջ էի, երբ պայթյունը տեղի ունեցավ, չհասկացա՝ ինչ եղավ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Տիգրան Մանուկյանը, ով եւս ականատես է եղել Ամիրյան փողոցում պայթյունին։

«Այն կողմից վթար եղավ, այնպես պայթեց, որ չհասկացա ինչ եղավ։ Դուրս եկա, արդեն վառվում էր այդ մեքենան, մարդիկ գոռում էին՝ ագնետուշիտել ով ունի։ Արդեն կրակը ուժեղացել էր, բայց ես հասցրեցի, հանեցի ու հանգցրեցի,  տղերքն էլ օգնեցին, իրենց մոտ էլ կար ագնետուշիտել։

Վարորդին մարդիկ օգնեցին, դուրս բերեցին, ոնց որ գիտակցությունը տեղն էր, նասիլկայով տարան»,–ասաց նա՝ նշելով, որ ինքն էլ մի փոքր տուժել է։

«Էդ պայթյունի ալիքից բոլոր մեքենաների բարձիկները բացվել են, իմ մեքենային էլ։ Շփոթված էի, չեմ էլ տեսել՝ ավտոբուս վնասվել է, թե ոչ»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Մեկնած կարգախմբերն ու  օպերատիվ խմբերը պարզել են,որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ Երկու անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ըստ նախնական տեղեկությունների` պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։

Մանրամասները տեսանյութում։