Նման բան չկա, երբևիցե նման խոսակցություն չի եղել վարչապետի հետ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե ինքը չի արդարացնում Նիկոլ Փաշինյանի հույսերը և Էջմիածնում բավականին մեծ խնդիր են ունենալու իշխանությունները առաջիկա ընտրությունների հետ կապված, որովհետև եկեղեցու հետ կապված ասվել էր՝ մարդկանց հավաքագրել, բայց ինքը չի կարողացել դա անել։
«Ես իմ գործառույթը, ինչի համար նշանակված եմ ժամանակավոր պաշտոնակատար, իրականացնում եմ և փորձում եմ իրականացնել մաքսիմալ լավ, հաշվի առնելով, որ առջևում Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են»,–ասաց նա՝ պնդելով, որ Փաշինյանից հրահանգ չի ստացել։
Դիտարկմանը, որ իշխանությունները Խոյ համայնքը միավորեցին Վաղարշապատին, որպեսզի իր ընտրողների թիվը ավելի շատ լինի, Մեխակյանն ասաց. «Ինչ ուզում են, կարող են ասել, դա մեր ընդդիմության, որոնք հայտ են փորձում ներկայացնել կամ ձգտում են համայնքի ղեկավարի աթոռին նստել, իրենց կողմից առաջ քաշված թեզերն են, որովհետև բովանդակային ոչ մի բան չեն կարող ասել և իմ աշխատանքային գործունեության, և ընդհանրապես իմ անձի վերաբերյալ։ Հետևաբար միակ բանը, որ կարող են իրենք ասել, շփոթեցնելու համար Էջմիածին քաղաքի բնակչությանը, դա է, որ ասեն՝ տեսեք, գյուղի տղա են բերել, որ էդտեղի ձայներով կարողանան ձեզ հաղթել։
Ինչ վերաբերում է Վաղաշապատ և Խոյ համայնքների վերախոշորացմանը, դա նորմալ պրոցես է։ Եվ կառավարությունը, և տարածքային կառավարման նախարարությունը, և մենք բազմիցս ասել ենք, որ խոշորացման պրոցեսը անընդհատ պրոցես է։ Միգուցե մենք 2021 թվականին ենք մի փոքր սխալվել, որ հենց սկզբից չենք խոշորացրել Վաղաշապատ համայնքը»։
Հարցին՝ իսկ գուցե նաև իշխանությունն է իր վարկանիշով խանգարում, որովհետև իշխանությունը եկեղեցու հանդեպ իր քայլերով կարող է նվազեցնել իր քվեները, Արգիշտի Մեխակյանը պատասխանեց. «Մենք պետք է մեր հասարակության հետ շփվելիս լինենք անկեղծ, կառավարության ղեկավարի որևէ խոսք, որ ասվել է, եկեղեցու դեմ չէ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունը Էջմիածին քաղաքում ինչ ռեյտինգ ունի, ապա 2021 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, երբ դրան նախորդող ժամանակահատվածում կաթողիկոսը պահանջում էր իշխանության հրաժարականը, բացարձակ մեծամասնություն է կազմել, ձայներ հավաքել հենց նույն այդ տեղամասերից»։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում արտահերթ ընտրությունները նշանակված են 2025թ. նոյեմբերի 16-ին:
Նշենք, որ Վաղարշապատ եւ Խոյ համայնքները միավորվել են, որը թույլ կտա Արգիշտի Մեխակյանին առաջադրվել արդեն խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու ՔՊ–ի կողմից։
Արգիշտի Մեխակյանը Արմավիրի մարզպետն է, այդ պաշտոնում նշանակվել է 2024–ի դեկտեմբերի 5–ին։ Նա Ջեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդին է։











