Մենք կառավարության անդամներ ենք, իսկ վարչապետը վարչապետն է և ղեկավարում է կառավարությունը և կառավարության անդամների և ղեկավարի սահմանադրական կարգավիճակը հստակ է. այդ առումով խնդրում եմ մանիպուլյացիաներ չանեք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կազմակերպած Երրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային շաբաթի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է մեկնաբանում վարչապետի հայտարարությունը, թե «կառավարություն ես եմ»։։
«Ես էլ եմ կառավարությունը։ Ինչ-որ առումով մետաֆորիզմ կա այդտեղ, որովհետև ես կառավարության անդամ եմ, կառավարության անդամ են նաև այլ նախարարները և հավաքական առումով մենք բոլորս, այո, կառավարություն ունենք»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ երբեք ինքը չի հակադրվել վարչապետին, նախարարը նշեց. «Ես կառավարության անդամ եմ, մենք ունենք քաղաքական թիմ, որ եկել է իշխանության, մեր խոսքը, միտքը և գործը պետք է մեկ լինի, և վարչապետի կողմից ասվածը հենց դրա մասին է»։











