Տարեկան միջազգային արբիտրաժային շաբաթը ոլորտի հարցերի քննարկման կարևոր հարթակ է։ Այս մասին Արբիտրաժային շաբաթվա բացման ժամանակ հայտարարել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Նրա խոսքով՝ արբիտրաժային մեխանիզմները վեճերի լուծման արդյունավետ գործիք են։ Այդ իմաստով Հայաստանը քայլեր է ձեռնարկել օրենսդրության կատարելագործման, ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացման, եվրոպական և միջազգային արբիտրաժային պրակտիկայի ուսումնասիրման համար։ Արբիտրաժի ինստիտուտը վերջին տասնամյակի ամենամեծ ձեռքբերումն է, որը փոխել է արդարադատության մատչելիության և արդյունավետության ընկալումը։

Չնայած Հայաստանում արբիտրաժի ինստիտուտը դեռևս զարգացման փուլում է, այնուամենայնիվ, դատարանների բեռնաթափման առումով արդյունքներ արդեն նկատվում են, ավելացրել է Աթաբեկյանը։

Ինչպես ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, արբիտրաժի որոշումների արագ և թափանցիկ կատարումը վստահության կարևորագույն գործոն է ոչ միայն իրավական, այլև ներդրումային գրավչության տեսանկյունից։ «Այսօր մենք շարունակում ենք ձևավորել այնպիսի իրավական ոլորտ, որտեղ դատարանները և արբիտրաժային կառույցները գնում են համակարգային փոխլրացման ճանապարհով՝ հիմնվելով լավագույն միջազգային փորձի վրա։