Կապ ունեմ այնքանով, որ նշանակվել եմ նախարար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ հանրության մոտ հարցեր են առաջացել, թե ինքն ինչ կապ ունի այդ ոլորտի հետ:
«Սա քաղաքական պաշտոն է և ոլորտին ծանոթ եմ նաև եղել իմ նախկին տարբեր հարգավիճակներում, պատգամավորական, նախարար լինելու ժամանակ և ավելի կծանոթանամ։ Ես չեմ կարծում, որ օրինակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պետք է լինի անպայման աշխատանքի և սոցիալական հարցերի մասնագետ, այդպիսի մասնագետ, մասնագիտություն նույնիսկ չկա էլ, ու նաև մյուս նախարարություններն էլ, եթե նայեք, հիմա չեմ ուզում գործընկերներիս պաշտոնները և իրենց մասնագիտությունները հիշեցնել ձեր, բայց կարող եք նայել և այդ հարցի պատասխանը ինքնուրույն ունենալ,–ասաց նա։
Հարցին՝ նա Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում էր, ինչպե՞ս է նշանակվել, Թորոսյանն ասաց. «Ես երբեք որևէ մեկի սև ցուցակում չեմ եղել, դա ձեր վառ երևակայությունն է հիմա և միգուցե նախկինում»։
Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին նախարարությունում և խոսնակ Զառա Մանուչարյանի հեռանալուն, Թորոսյանն ասաց, որ դա նրա որոշումն է եղել, ինքը նույնիսկ առաջարկել է շարունակել:
«Կադրային փոփոխություններ ընթացիկ միգուցե կլինեն, օրենքով սահմանված կարգով կա վերանշանակման գործընթաց, այս պահին նման ինֆորմացիա չեմ կարող կիսվել»,- ասաց նա:











