Դեռ 21 թվականից սկսած Հայաստանի իշխանություններին բառացի, անմիջական, հանդիպումներում, գրավոր, հրապարակային այս թեմայի շուրջ կարեւոր առաջարկություններ են արել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Հայ Խանումյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում օգոստոսի ութին տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները։

«Չթաքցնեմ, Սամվել Բաբայանի առաջարկություններն են եղել, այդ ֆորմատը կար, հիշու՞մ եք, արտախորհրդարանական ուժերի, դրանից հետո գրավոր էլ, հրապարակայնորեն էլ այդ թեմայով անընդհատ ելույթ է ունեցել եւ առաջարկել է լուծումները հատկապես Մեղրիի հարցում։ Մասնավորապես առաջարկում էր այդ ճանապարհը կառուցել, կահավորել, ոչ մի երրորդ երկրի ներս չթողել այդ ճանապարհի իրավազորությունների մեջ։ Ինքը ոչ միայն Արեւելք-Արեւմուտք, այլ նաեւ Հյուսիս-Հարավ, Արաքս գետի վրա դեռ ժամանակին Իրանի հետ մի քանի հուշագիր կա ջրամբար կառուցելու եւ մեծ ՀԷԿ կառուցելու, որ ջրամբարը դրա վրայով գա Իրանից, Հնդկաստանից եկող ճանապարհը եւ դեպի հուսիս գնացող, եւ միջնավանից դեպի Նախիջեւան, Արեւելքից Արեւմուտք անցնող ճանապարհը նույնպես կառուցել, ժամանակակից, ամենաբարձր կարգի ճանապարհ կառուցել ավտոմատիզացված համակարգերով, ինչպես որ Կալինինգրադի մարզից են Ռուսաստան անցնում տեխնիկապես զինված սահմանով եւ այս հարցը այդպես լուծել, քանի դեռ քեզ չեն ստիպել ինչ-որ բան անել։ Եւ ընդհանրապես բոլոր տեղերում գնալ ճանապարհների կառուցման, ժամանակակից ճանապարհների կառուցման, ապաշրջափակման տրամաբանության ներքո», - ասաց նա։

Հայկ Խանումյանի խոսքով՝ մյուս կարեւոր ուղղությունը պետք է լիներ Ղազախ-Իջեւան, Վանաձոր-Գյումրի-Կարս ուղղությունը, որը այդքան արծարծվող «Միջին միջանցքի» ամենակարճ ճանապարհն է՝ Կենտրոնական Ասիայից Կասպից ծով, Կասպից ծովից դեպի Կարս եւ Սեւծովյան եւ Միջերկրածովյան նավահանգիստներ գնացող գծերի ամենակարճ ուղին է՝ Ղազախ-Իջեւան-Գյումրի կարճ ճանապարհը, որը մենք փաստորեն Դիլիջանից Վանաձոր հատված ունեինք կառուցելու։

«Հետո հիշու՞մ եք, Եւրամիությունը Միջին միջանցքի, Անդրկասպյան ճանապարհների կառուցման համար խոստացել էր տաս միլիարդ եվրոյի ներդրում անել։ Վերջերս Կայա Կալասը Թուրքմենստանում այդ մասին կրկնեց եւս մեկ անգամ։ Եւ ո՞վ օգտվեց դրանից։ Երեք ու կես միլիարդը վերցրին թուրքերը՝ կառուցելու Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթգիծը, ինչը նշանակում է Հայաստանի շրջանցում։ Գոնե եթե Իջեւան-Գյումրի երկաթգիծը չկառուցվեր, Ղազախ-Կարս երկաթգծին կապվող, հույս կար, որ Նախիջեւանից հետո Երասխ եւ գործող երկաթուղով դեպի Կարս ճանապարհը պիտի բացվեր, եւ Հայաստանը պետք է մնար ինչ-որ տարանցիկ ուղիների վրա։ Բայց փաստորեն սա էլ տեղի չի ունենում։ Օգոստոսի ութին ի՞նչ ենք արել իբրեւ։ Կամ այսքան երկարաձգելով այդ ամբողջ գործընթացը ի՞նչ ենք արել։ Ադրբեջանին հնարավորություն ենք տվել այդպես կարճ, անխոչընդոտ կապվել Նախիջեւանի հետ։ Դա՞ էր մեր նպատակը։ Թե՞ Ադրբեջանին բերել ենք, բարձրացրել, հասցրել Վաշինգտոն, դարձրել Ամերիկայի ռազմավարական գործընկեր։ Դա՞ էր մեր նպատակը։ Ես չգիտեմ՝ այս ոչ կոմպետենտությունը որտեղից․․․

Եւ մի կարեւոր բան էլ․ 21թվականին դեռ Արցախը կար, եւ երբ Նիկոլ Փաշինյանին ասում են, որ այդ հարցը արագ կարգավորի, որպեսզի Արցախը գոնե ինչ չափում մնացել է, մնա, ինքը ասում էր, ինքը ոչ մի ձեւ  այդ ճանապարհը չի տալու եւ այլն։ Փաստորեն ե՜ւ Արցախը տվեց, ե՜ւ ճանապարհը» - ասաց քաղաքական գործիչը։