Վարժական հավաքների համար ծանուցումների համակարգը այս թվականի ապրիլի մեկին Ազգային ժողովում ընդունվել է, արդեն պիլոտային ծրագիրը սկսել ենք, որը արդյունավետ աշխատում է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով նրան, որ վարժական հավաքների ծանութցման մեխանիզմը փոխվել է եւ կան խստացումներ։

«Քաղաքացիները բողոքում էին, ասում էին, որ պաշտպանության նախարարության կողմից մենք ծանուցում չենք ստացել, այդ պատճառով չենք ներկայացրել զինկոմիսարիատ։ Հիմա մենք այդ ծանուցումների համակարգով այդ խնդիրը որպես այդպիսին լուծել ենք։ Քաղաքացուն մենք փորձում ենք երեք տարբեր ձևերով ծանուցում տալ, որ ներկայանա զինկոմիսարիատ։

Մենք նաև ունեինք որոշ խնդիրներ, որ քրեական օրենսգրքում կար նախատեսված պատասխանատվություն, «խուսափել» հասկացողությունը, բայց բացված չէր, թե ինչ է նշանակում խուսափել, որը քրեական վարույթի շրջանակներում տարբեր խնդիրներ էր առաջանում։ Գործընկերների հետ աշխատելով մենք նկարագրել ենք, թե ինչ է նշանակում «խուսափել» դրույթը։

Նախ վարչական պատասխանատվության է ենթարկում քաղաքացին նվազագույն աշխատավարձի 15-ից 30-ապատիկի չափով, որը կարող է մինչեւ երկու տարի ազատազրկում լինել՝ կախված նրանից, թե խուսափելը ինչպես է եղել՝ փաստաթուղթ կեղծելով, իրեն առողջական վնաս տալով, սիմուլյացիա անելով, դա ավելի խստացնում է։ Միաժամանակ, եթե քաղաքացին այս ամեն ինչից հետո պատրաստակամություն է հայտնում մասնակցել վարժական հավաքներին, ապա այդ քրեական վարույթը հանվում է»,–ասաց նա։

Հարցին՝ կա՞ վստահություն, որ այդ ծանուցումների համակարգը չի շրջանցի իշխանության ներկայացուցիչներին, նրանց հարազատներին, բաջանաղներին, փՀրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, այդպիսի ստատուս չունենք, որ կարողանանք ֆիլտրել, թե, ով, ում բաջանաղն է կամ ում ծանոթն է։ Ձեզ վստահեցնում եմ, որ այս պահի դրությամբ մենք բավականին մեծ աշխատանք ենք իրականացրել հաշվառման գործընթացում, ավելի ժամանակակից, որը հնարավորություն կտա ձեր ասած բոլոր խնդիրներից խուսափել»։