Ադրբեջանում գերության մեջ պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը բանտից մի քանի օր առաջ հնարավորություն է ստացել ընտանիքի հետ հեռախոսակապ հաստատել այն բանից հետո միայն, երբ ավելի քան 20 օր հացադուլ է արել։
«Ամեն անգամ 15-20 օր հաց չի ուտեր, որ թողնեն զանգ անի։ Այս անգամ կսեր, որ դոկտորի կուզեր էրթալ, քանի որ շատ ցավ ուներ, բայց չեն տանի։ Կռնակի ցավ ունի, սրտի հետ խնդիր, կսե մարմինս կցավի, շունչս շատ կնեղանա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վիգենի որդին՝ Թորոս Էուլջեքյանը՝ նշելով, որ հայրը ասել է՝ հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, մինչեւ իր պահանջները բավարարվեն։
Վիգեն Էուլջեքյանը գերեվարվել էր 2020 թվականին՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո: Ադրբեջանցիները նրան գերի էին վերցրել Շուշիի հարակից տարածքից:
2021 թվականի հունիսին նա ահաբեկչության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտվեց:
Վիգենի ընտանիքը խիստ անհանգիստ է։ Նրա կյանքին վտանգ է սպառնում։ Չնայած 5 տարվա անօգուտ պայքարին՝ հույս ունեն, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությունը արդյունք կտա ու Վիգենն ու մյուս գերիներն ազատ կարձակվեն։
Կարմիր Խաչը միջազգային միակ կառույցն էր, որին հաջողվում էր այցելել հայ գերիներին։ Վերջին այցերը տեղի են ունեցել հունիսին։
Բաքվի բանտերում պահվող հայ գերիներից մի քանիսն արդեն ինքնասպանության փորձ են արել այն բանից հետո, երբ այցերը դադարել են։ Այդ մասին տեղեկացրել էր իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահականը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի սկզբից ամբողջովին դադարեցրել է իր գործունեությունն Ադրբեջանում՝ տեղի իշխանությունների պահանջով։ Կառույցի գործունեության դադարեցումը ամբողջական մեկուսացման մեջ է թողել 23 հայ գերիներին, որոնց մի մասը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներն են։











