Երևանի Սիսակյան փողոցի 20 շենքում արտակարգ իրավիճակ է տիրում և իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ վտանգավոր։ Շենքի հետևի մուտքի առաջին հարկի ընդհանուր միջանցքով բնակարանների հատակը սկսել է փլուզվել, իսկ պատերին արդեն խորը ճեղքեր են առաջացել։
Բնակիչներից մեկը՝ Ելիզավետա Պողոսովան, NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Սենյակում ջուրը թափում է հիմքի մեջ, հատակը շարժվում է, որ քայլում ենք, ոնց որ ճոճանակ լինի։ Հետո կռիսները լիքը մտնում են, ջուրը ներս է գնում, հիմքի մեջ ավազ է, ցեմենտ չկա, պատերը շարժվում են։ Ահավոր վիճակ է, ես էլ հիվանդ կին եմ, չեմ կարող սարքել, անընդհատ վիրահատվում եմ, բուժվում եմ։ Հնարավորություն չունեմ իմ թոշակով սարքեմ, խոնավությունից չեմ կարում շնչեմ, պոլը, պարկետը շարժվում են, քանի որ տակը ջուր է, հիմքը չկա։ 24 տարի այստեղ ապրում եմ։ Մենք դիմում ենք տվել պարոն Փաշինյանին, թաղապետարան, քաղաքապետարան, բայց արձագանք չկա»։
Նա հավելեց, որ մուտքն ու միջանցքը ևս քանդված են, մեծ փոս է գոյացել, վախենում են, որ կընկնեն մեջը. «Մի անգամ մի մարդ ընկել է, մահացել է։ Կանալիզացիան լավ չի աշխատում, անընդհատ խցանում է, երեկ էլի եկել մաքրել են։ Ահավոր վիճակ է, վախում ենք, որ փլվի շենքը։ Կողքի բնակարանում 4 երեխա կա, վախենում են գիշերը քնեն, պատերը քանդվում է, պոլը թեքվում է։ Աղաչում եմ՝ թող օգնեն մեզ, վախում ենք մենք։ Օգնեք մեզ, պարոն Փաշինյան, պարոն Ավինյան»,–ասաց տիկին Ելիզավետան։
Մեկ այլ բնակչուհի՝ Անահիտ Քեմեջիջյանն էլ հավելեց. «Ասում են շենքի միջնապատերը բնակիչների խնդիրն է, բայց դուք էլ տեսնում եք, որ միջնապատը պոլի, հատակի հետ ընդհանրապես կապ չունի։ Հատակը մոտ 60 սմ նստել է, երեք մետր երկարության վրա։ Ասում են՝ խնդիրը իմն է, ես պետք է սարքեմ, բայց խնդիրը շատ խորքային է, նկատելի։ Տեսեք՝ ինչ է կատարվում։ Ու մենակ այստեղ չի, մուտքում էլ է այդպես, նստել ա պոլը։ Միշտ էսպես բացվել է, ես արանքները փակել եմ, բայց հատակը էս կարգի չի եղել։
Մոտ մի ութ օր առաջ արդեն էստեղից դուրս եմ եկել, որովհետև հնարավոր չի ապրել։ Տունը փոքր, ութ անձով ապրում ենք, չորսը անչափահաս։ Կահույքի դիմացն էին քնում երեխեքը ու մայրս, ես դիվանին։ Պատից անընդհատ էդ քարերը թափվում էին։ Երեխեքին հանել եմ էստեղից։
Քաղաքապետարանին եմ բազմիցս դիմել, անցյալ տարի վերջին անգամ դիմեցի կառավարությանը, հույսով, որ Նիկոլ Փաշինյանը այս հարցին լուծում կտա, բայց ես էլ հասկանում եմ, որ իր անձնակազմը ոչ բոլոր խնդիրներն են իրեն ներկայացնում։ Մոտ 13-14 թվից հետո նոր սկսվել են այս խնդիրները, բայց 10 տարուց ավել ապրել եմ։
Նախկինների ժամանակով դիմել եմ թաղապետարանը, շինանյութով, ամեն ինչով օգնել են, որոշ գումար էլ ես եմ տրամադրել, բերել, սարքել ենք, բայց հիմա լրիվ անտանելի վիճակ է։ Այն ժամանակ գոնե պոլը քանդված չէր, մենակ պատերն էին։ Բոլորն էլ գիտեն, որ ես տարին երկու-երեք անգամ նույնիսկ 4 անգամ սարքում էի, այդ անցքերը փակում էի, նորից բացվում էր, բայց հիմա արդեն հնարավոր չի սարքել, սա պիտի ամբողջովին քանդվի, նոր սարքվի։
Ես կխնդրեի պարոն Ավինյանին, պարոն վարչապետին այս հարցին լուծում տան։ Եթե ես հնարավորություն ունենայի, 100%-ով համոզված եղեք, ես չէի դիմի իրենց օգնությանը, ես ինքս կվերանորոգեի։ Հիմա իմ վերջին հույսը իրենք են, որ այս հարցին լուծում տան։ Թող հասկանան ուղղակի, որ չորս անչափահաս երեխաներ են ապրում այս տան մեջ, այս պատերի տակ քնում են»,– ասաց նա։











