Դա ուղղակի ֆանտաստիկա է. Սամվել Կարապետյանն էլ գնում է մյուս քաղաքական «լուզերների» ճանապարհով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր վահագն Ալեքսանյանը` անդրադառնալով սոցիոլոգիական հարցման տվյալներին, ըստ որի Սամվել Կարապետյանի գլխավորած շարժմանը վարկանիշը 13 տոկոս է, իսկ ՔՊ–ինը՝ 17 տոկոս։
«Եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշի հրապարակել քաղաքական «լուզերության» առաջնորդության մի գիրք, ապա այնտեղ առաջին տեղում, առաջին քայլը քաղաքական «լուզերի» համար պետք է լինի «Գելլափ»-ին հարցում պատվիրելը, որով ինքը կունենա ուրճացված տոկոսներ:
Այդ քաղաքական «լուզերության» առաջամարտիկը Ռոբերտ Քոչարյանն է և կարծում եմ՝ իր դառը փորձով կարող է ծունկ ծնկի տալ, օրինակ Սամվել Կարապետյանի կամ այլ ռուսաստանցի օլիգարխի հետ», - նշեց Վահագն Ալեքսանյանը:
Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ կարող է Սամվել Կարապետյանի թիմը առավելություն ունենալ, կամ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում խանգարել ՔՊ-ին, քանի որ նրա պարագայում չի աշխատելու «նախկին, թալանչի» պիտակները, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Ինչո՞ւ չի աշխատելու։ Կարո՞ղ է իմ եղբայրն էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը: Սամվել Կարապետյանի եղբայրն էր Սերժ Սարգսյանի խմբակցության պատգամավորը: Կարո՞ղ է ՀՀԿ-ի գործածների պատասխանատվությունը չի կրում, էդ ո՞ր պահից սկսած չի կրում»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում որտե՞ղ են դատական ակտերը, որոնք կհիմնավորեն այդ թալանը, Ալեքսանյանն ասաց. «Դատարանում այս պահին կան միլիարդավոր դոլարների գործ՝ ապօրինի գույքի բռնագանձման մասով։ Այդ գործերը օրական դատավճիռներ են դառնում։ Կարող է դրանք անձամբ Սամվել Կարապետյանի հետ կապ չունեն, բայց իր եղբոր քաղաքական թիմի հետ կապ ունեն։ Եթե հիմա ասեք, որ ես կապ չունեմ ՔՊ–ի հետ, որ Արայիկ Հարությունյանը, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, կապ չունի ՔՊ–ի հետ, դա կլինի աբսուրդ։ Տենց չի լինում։ Մարդը լուրջ տեղ է ունեցել Սերժ Սարգսյանի թիմում»։
Հիշեցմանը, որ Սերժ Սարգսյան–Գագիկ Ծառուկյան հակամարտությունը ժամանակին հարթվեց հենց Սամվել Կարապետյանի ջանքերով, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Տենց ինչ–որ հեռակա «պախանի» կարգավիճակ են ժամանակին ուզեցել վստահել «Տաշիրի Սամոյին»։











