«Դուք ասում եք՝ պատրաստ եմ օրինական ամեն գնով պաշտպանել եկեղեցու վերաբերյալ քննադատություն հնչեցրած եկեղեցականի խոսքի ազատությունը։ Բա կառավարության կազմում գտնվող, ձեր կարծիքը չկիսող ՀՀ քաղաքացիները խոսքի ազատություն չունե՞ն»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Որ ասում եք՝ կառավարությունը ես եմ, ով համաձայն չի, թո՛ղ դիմում գրի, դուրս գա։ Էդ մարդիկ խոսքի ազատություն չունե՞ն։ Էս մի դրվագով ձեր ժողովրդավարության դեմքն է երևում»,–հավելեց Վարդանյանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը մեջբերեց ՀՀ Սահմանադրության 152–րդ հոդվածը, ըստ որի վարչապետը որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարության գործունեությունը և համակարգում է կառավարության անդամների աշխատանքը։
«Ով այս որոշած ուղղությունների գծից դուրս է, կառավարությունից դուրս է»,–հավելեց Փաշինյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, Քրիստինե Վարդանյանն ասաց.
«Գերիներով, օկուպացված տարածքով այլ երկիր կա՞, որ խաղաղություն է հաստատել, որ ասում եք՝ խաղաղությունը եկել է»։
Հարցին ի պատասխան Փաշինյանը կրկին շտապեց ասել, որ նաև մենք ունենք «Ադրբեջանից օկուպացրած տարածքներ։
«Մարդկության պատմության մեջ ոչ մի խաղաղության պայմանագիր ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Գոյություն չունի էնպիսի պայմանագիր, որ բոլոր հիմանկան հարցերին լուծում տա»,–պնդեց Փաշինյանը։











