«Նախընտրական տարում սովորաբար իշխանությունները, հատկապես այն իշխանությունները, որոնք հեղհեղում վիճակում են գտնվում, մեծացնում են բյուջեի սոցիալական բաղադրիչը և փորձում են բյուջեի միջոցով շահել ընտրողների սիրտը»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով այն մասին, որ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ևս 520 մլն դրամ հատկացնել անհուսալի վարկերի մարման նպատակով։

«Միանշանակ քաղաքական կոմպոնենտ ունի նախագիծը։ Ես հասկանում եմ, որ ասելու են՝ մինչև ընտրություններն էլ ենք նախագիծն իրականացրել։ Ես էլ ի պատասխան կարող եմ ասել, որ այն ժամանակ էլ հաշվի են առել, որ ընտրություններին բավական քիչ ժամանակ է մնացել և սկսել են պատրաստվել ընտրություններին՝ հատկապես որ իրենց գրպանից չեն վճարում այդ վարկերը, այլ պետական բյուջեից»,–հավելեց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի խոսքով, բացի այն, որ նախագիծը ակնհայտ քաղաքական նպատակներ է հետապնդում, նաև քաղաքացիների համար անհավասար պայմաններ է ստեղծում։

«Կարծում եմ, եթե մարդկանց մի մասի վարկերը մարում են, մյուս մասինը՝ ոչ, անհավասար պայմաններ են ստեղծում մարդկանց համար։ Բացի այդ, այս նախագիծն առնվազն չի նպաստում մարդկանց ֆինանսական գրագիտության զարգացմանը»,–նշեց Հակոբյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց, որ Հայաստանում շուրջ 128 հազար անհուսալի վարկ ունեցող քաղաքացի կա, որոնց տվյալները համապաստախանում են նախագծի պայմաններին, սակայն սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրին մասնակցելու համար դիմել է ընդամենը 5715 քաղաքացի։

Կառավարության այս ծրագրից կարող են օգտվել անձինք, որոնց վարկն արդեն 3 տարի է, ինչ անհուսալի է և չի գերազանցում 1 մլն դրամը: Ծրագրին դիմող քաղաքացիները պարտադիր պետք է աշխատանք ունենան։ Նրանց հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ը կուղղվի անհուսալի վարկային պարտավորության մարմանը: