Սա իրավապահների տիրույթի հարց է, որքան ես տեղեկացված եմ, բռուշատկայի գործ է, քաղաքի համայնքապատկան բռուշատկաները գողացվել են, իրավապահ համակարգը մեղադրում է Վարդան Ղուկասյանի որդուն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկսյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությանը։
Անդրադառնալով նրան, որ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ եթե ուզում են իր հետ հաշիվներ մաքրել, թող ընտանիք չմտնեն, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Վարդան Ղուկասյանը այն ժամանակ, որ քրեական գործերով էր անցնում, ապօրինի գույքի բռնագանձման օրենքով էր անցնում, մի քանի ապօրինություններով էր անցնում, մտնելով քաղաքականություն, փորձեց այդ գործերը քաղաքականացնել և մինչև հիմա փորձ է անում այդ ամենը քաղաքականացնել այն տրամաբանությամբ, որ ինքը համայնքի ղեկավար է, քաղաքական գործիչ է։ Այսինքն, ըստ Վարդան Ղուկասյանի, կարելի է, որ իր հարազատը, իր որդին կամ մեկ այլ քաղաքացի, ով իր հետ փոխկապակցված է, կարող է իրեն օրինախախտումներ թույլ տալ, և երբ իրավապահ համակարգը որոշակի արձագանք տա, ինքը ներկայացնում է, թե տեսեք, սա քաղաքական բռնաճնշում է, փրկեք, սա հատուկ իմ դեմ է արվում։ Այսինքն եթե Վարդան Ղուկասյանը քաղաքականությամբ է զբաղվում, համայնքապետ է, ուրեմն իր հարազատները կարող են անօրինականություններ թույլ տա՞լ։ Չի կարող նման բան լինել, Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ»։
Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի սպառնալիքին, թե ինքն էլ ատկատների մասին բացահայտումներ կանի, Սարուխանյանն ասաց. «Նա բոլորը հնարավորությունները ունի, ինչի՞ չի բացահայտում, թող բացահայտի։ Այդքան, որ ավել-պակաս, ճոռո-ճոռո խոսում է, տարբեր պաշտոնյաների մասին խոսում է, բա այդքան խոսել գիտի, թող բացահայտի, թող ասի, թե ինչ ատկատների մասին է խոսքը։ Լավ ձևերը գիտի, կարող է դիմել գլխավոր դատախազին, կարող է դիմել իրավապահ մարմիններին, ո՞վ է իր ձեռքը բռնել»։
Նա համաձայն չէ պնդմանը, թե ՔՊ–ում ծանր են տարել Գյումրիում պարտությունը. ««Մենք բացարձակ ծանր չենք տարել որևէ բան։ Նախ ինքը չի հաղթել ընտրություններում, պարոն Ղուկասյանը ընդամենը ստացել է քաղաքացիների կողմից տրված 7000 վստահության քվե, մինչդեռ մենք ստացել ենք 17000 քվե։ Այսօր էլ ՔՊ–ն ավագանիում ակտիվ աշխատում է։
Վարդան Ղուկասյանն է պարբերաբար գնում սրան, նրան, ռուսներին, չգիտեմ, այլազգիներին խնդրանքով դիմում, տարբեր մարդկանց շոպլիկանալու որոշակի բաներ եմ ես նկատում։ Նախընտրական խոստումներ եք տվել, ասե՞լ եք գյումրեցիներին գալու եմ, էս գործարանն եմ սարքելու, էն եմ անելու, բա եկել եք, արեք։ Հիմա գյումրեցիները սպասում են էդ նախընտրական խոստումների կատարմանը։
Գնացեք գլուխներդ կախ աշխատեք, մեր հարազատ քաղաքն է, սարքեք։ Եթե չեք կարողանալու դա անել, գյումրեցիները իրենց գնահատականը կտան»։
Կարեն Սարուխանյանը վստահ է, որ 2018–ից հետո քաղաքական պատվերով որևէ իրավական պրոցես չի եղել:
«Բացառում եմ, որ Հայաստանում քաղաքական պատվերով մարդկանց են ձերբակալում: Դա Սերժի և Քոչարյանի օրոք է եղել, այն մարդկանց օրոք, որոնց օրոք Վարդան Ղուկասյանը աշխատել է։ Որքան հիշում եմ, Վարդան Ղուկասյանը եղել է ՀՀԿ–ի մարզայինի ղեկավարն է եղել, տեսել են իրենք այն ժամանակվա բարքերը և իրենք կարծում են, որ այդ բարքերը կարող են շարունակվել։ Բայց դա բացառվել է հենց 2018 թվականի հեղափոխությամբ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











