Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և այլ պաշտոնյաների հետ այցելել է Դեբեդի նորակառույց դպրոց և ելույթ ունեցել:
«Ուզում եմ երեխաներին ասել և խոստանալ, որ առաջիկայում կառավարությունը ՔՈԱՖ–ի գործընկերների հետ միասին մեր ստանդարտներին համապատասխանող փակ մարզադահլիճ կկառուցենք կողքի տարածքում։ Իհարկե շատ լավ ֆուտբոլի դաշտ կար և խաղահրապարակ կար և մենք ծրագիրը կշարունակենք զարգացնել։ Երբ որ դպրոց չկա, թվում է, որ դպրոցը կառուցեցինք, բացեցինք և գործը արված է։ Իրականում դա հենց զարգացման բանաձևն է, երբ օրակարգի մի հարցը լուծվում է, հետևից գալիս են ուրիշ հարցեր, ուրիշ խնդիրներ, որ պետք է լուծել։ Այո, անընդհատ հարց կա լուծելու և հենց դա է զարգացումը, այս շրջապտույտն է, որի արդյունքում երկրները զարգանում են, մարդիկ զարգանում են»,–ասաց նա։
Անդրադառնալով «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, վարչապետն ասաց. «Այն նոր գաղափարաբանությունը, այն նոր հայեցակարգը, որ մենք ձևակերպել ենք և այն նոր ուղերձը, որ մենք տալիս ենք մեր աշակերտներին, դա չափազանց կարևոր է։ Մենք մտանք դպրոց և առաջինը տեսանք այդ ուղերձը, որով մենք երեխաներին այդ կոչն ենք հղում, ասելով՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Այս կոչը մեր ինքնաճանաչողությանից բխող մի արտահայտություն է, որովհետև դուք գիտեք, որ Հայաստանում ցավոք կա աղքատության, գործազրկության, սոցիալական բավականին լուրջ և շոշափելի պրոբլեմ, և բնականաբար մենք ամեն օր առնչվում ենք պրոբլեմի հետ։
Մենք անընդհատ ուզում ենք հասկանալ, իսկ ինչու այդ պրոբլեմը գոյություն ունի, ո՞րն է այդ պրոբլեմի խորքային պատճառը, և ո՞րն է դրա խորքային լուծումը, որովհետև մենք տեսնում ենք, որ նույնիսկ սոցիալապես ամենավատ վիճակում գտնվող ընտանիքներին ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս, ամեն տարի օգնել, աջակցելը այն ժանրով, ինչը մենք անվանում ենք սոցիալական կամ հումանիտար օգնություն, դա այդ մարդկանց կյանքում ընդհանրապես որևէ բան չի փոխում, այլ երբեմն ավելի վատացնում է։
Հետևաբար մեզ համար դպրոցը մի տեղ է, որտեղ մեր աշակերտները պետք է սովորեն լավ ապրել, բայց մեր աշակերտները պետք է սովորեն, թե ի՞նչ է նշանակում լավ ապրել։ Ավելին ասեմ, մեր աշակերտներից ուրաքանչյուրը ինքը իրեն պիտի տա այդ հարցը՝ իսկ ինչպիսի՞ն եմ ուզում լինի իմ կյանքը, որ ես համարեմ, որ լավ եմ ապրում, որովհետև մի մարդու համար լավ ապրել կարող է նշանակել մի բան, երկրորդի համար երկրորդ բան։
Եվ որպեսզի այդ լավ ապրելու տարբերությունները չբերեն հանրության պառակտման, ընդհակառակը բերեն հանրության համախմբման, այդ պատկերացումները պետք է կապված լինեն իրար հետ արժեքներով, և այդ արժեքները պետք է արտահայտված լինեն պետության, նրա կարգավորումների, նրա հարաբերությունների, նրա սահմանադրության և նրա օրենսդրության, պետության, պետականության, համայնքի, մարդու հարաբերությունների մշակույթում։ Ես համոզված եմ, որ հենց այդ մշակույթն է, որ ներդրվելու է մեր դպրոցներում»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։











