Երբ որդիս գնաց Միքայել Սրբազանի դատին, ես իրեն ասացի՝ քեզ անպայման կկալանավորեն կամ մի բան կանեն գլխիդ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16–ին, Հակակոռուպցիոն ատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործին։
«1-1,5 տարի հետո, ինչ–որ շիբին, որ տանում թափում են փողոցներում, 90 հազար է կազմում, դա քաղաքապետարանի վրա նստած չէ, արժեք չի ներկայացնում... նմանատիպ բաներ են, ծիծաղի առարկա են։
Ես հավատում եմ Աստծո դատաստանին և մի բան գիտեմ, որ յուրաքանչյուր դատավոր, եթե իրենց հանձնարարական են տալիս, իրենք պետք է ասեն՝ ախր սա անելու բան չի, ո՞նց անենք, կփոխվի էս ամեն ինչը, բայ դրանից հետո մենք ի՞նչ պատասխան պետք է տանք։
Դուք ձեր աշխատավարձի համար մարդկանց տները քանդում եք, բա Աստծուց չեք վախենո՞ւմ։ բա սա անելու բա՞ն է, օրենքը պահեք, ճշմարտությամբ առաջնորդվեք»,–ասաց նա։
Ինքը Սպարտակ Ղուկասյանը, լրագրողներին ասաց, որ էլի կգնա Միքայել Սրբազանի դատին։
Հարցին՝ բա չի վախենո՞ւմ, նա արձագանքեց. «Իրենք պիտի վախենան, մենք վախենալու բան չունենք»։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանի տնային կալանքի տակ է գտնվում։ ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։











