Ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը և դրա համար Նիկոլ կլիներ, Պողոս Երվանդյան կլիներ, ով ուզում է լիներ, նա անցնելու էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ 2018–ին, աջակցում էր հեղափոխությանը եւ բղավում էր «Քայլ արա, մերժիր Սերժին»։
«Ոչ թե Փաշինյան Նիկոլը այդքան ձայներ ունի, այլ նախկինների ատելությունից ժողովուրդը ուզեցել է պրծնել և ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Դա բոլորը լավ գիտեն, իրենք էլ լավ գիտեն։ Հիմա ինձ ասել՝ թե դուք ՔՊ-ին պաշտպանեցիք... ես ՔՊ-ի վարքագիծը տեսնելով երբեք չեմ իրեն պաշտպանի։ Մի խոսքով, ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ նախկինները աջակցեցին, որ ինքը դարձավ քաղաքապետ, Վարդան Ղուկասյանն ասաց. «Սխալվում եք, դուք այդպես ուզում եք, այդպիսի հանձնարարական եք ստանում, որ ինձ կապեն նախկինների հետ։ Ես նախկինների հետ կապ չունեմ, ուղղակի չորս ղեկավարների մեջ հարգել եմ Ռոբերտ Քոչարյանին։ Երևանյան քաղաքական խաղերից շատ հեռու եմ ես»։
Ինչ վերաբերում է նրան, որ դատարանն իր նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ կիրառեց, հեշտությա՞մբ կվճարի էդ գումարը, ունի՞ այդքան գումար, նա պատասխանեց. «Ես էնքան հարգանք ունեմ, հիմա որ աշխարհի որ երկիրը զանգեմ ու ասեմ ինձ 500 000 դոլար է պետք, երկու րոպե հետո կբերեն, կտան»։











