Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը սոցցանցերի իր էջում հրապարակված տեսանյութով անդրադարձել է լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կիրառված բռնությանը։ Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մարությանն ասել է.

«Բացի կրթական, կրոնական, էս վերջերս էլ նաև թատերական փորձագիտական գործունեությունից խնդրում եմ մեկ-մեկ զբաղվել նաև ձեր ուղիղ պարտականություններով. կրիմինալը լցվել է պետական կառավարման համակարգ»։

Նշենք, որ լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 1-ին հատկանիշներով:

Հիշեցնենք՝  ՆԳՆ–ից էլ հայտնել էին, որ սեպտեմբերի 12-ին քաղաքացուց ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ դիմակավորված անձի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

«Սեպտեմբերի 15-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է միջադեպի մասնակիցներից մեկը, որը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև դիմակավորված անձին դեպքի վայր հասցրած մեքենան»,- տեղեկացրեցին ՆԳՆ-ից: