Երևանի համար ամենաառաջնային ռազմավարական նպատակներից մեկը Հրազդանի կիրճը մի շատ հզոր կանաչ գոտի, ռեկրեացիոն գոտի դարձնելն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ արդեն կա մաստեր պլանը։ Մաստեր պլանի առկայություն լավ է նրանով, որովհետև սա մի մասշտաբային ծրագիր է, որ ահռելի ծախսեր է պահանջելու։ Բայց երբ կա մաստեր պլան, այսինքն գոտիավորում, մենք գիտենք, թե ամեն հատվածում ինչ ենք անում, կարող ենքփոքր-փոքր կտորներով իրականացնել այդ ծրագիրը և և վերջում այդ «շուշաբանդի» ֆենոմենի առաջ չկանգնել։
Խոսքն այն մասին է, որ Կորեայի ձորից մինչև Երևանյան լիճ և եթե հնարավոր է նաև այն կողմ, սաղարթախիտ անտառային շերտ և հանգստի գոտի ձևավորվի և Երևանում այսօր առկա բնապահպանական և օդի կլիմայի, միկրոկլիմայի հետ կապված խնդիրները կլուծվեն:
Երեկ ես խոստացա, որ սպորտային և հեծանվային հատվածում կառավարությունը էլի կաջակցի, որպեսզի այդ հատվածը քաղաքապետարանը կարգի բերի և մրցութային կարգով այդ հնարավոր հանգստի գոտու և սրճարանային հատվածը պատվիրակվի, որը նաև Երևան քաղաքի համար եկամտի աղբյուր կլինի։ Ես համոզված եմ, որ շատ պոպուլյար տեղ կլինի, այսօր էլ է պոպուլյար այդտեղ, բայց, ցավոք, այնտեղ գնալիս հեծանվորդների, հետիոտների, ձկնորսների համար խնամքի պակաս կա»,–ասաց վարչապետը։
Նա նկատեց, որ նաեւ ոռոգման համակարգ է պետք, քանի որ առանց ոռոգման համակարգի հնարավոր չի լինի անտառային հատվածներ ստանալ։
Քաղաքապետ Տիգրան ԱՎինյանն էլ նշեց, որ արդեն ունեն այդ տարածքի ամբողջ վերլուծությունը, ռեկրեացիոն գոտու սահմանները, այդ սահմաններում գոյություն ունեցող բուսական և կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչները գույքագրված են. «Ունենք պատմամշակութային հուշարձանները, մեզ մնում է ընդամենը մի քայլ։ Օրենքի փոփոխությունից հետո ավագանու որոշում մենք կկայացնենք, որով այդ մաստերպլանը կդրվի այդ հատվածի համար որպես հետագա զարգացման ծրագիր և դրանով իսկ մենք օրենքի ուժով ամբողջ կիրճի այդ տարածքը կպաշտպանենք։ Այդտեղ այլևս հարց չի լինի, թե արդյոք կարո՞ղ ենք մենք այստեղ հյուրանոց կամ ռեստորան կառուցել, որովհետև պատասխանն է լինելու՝ ոչ, չեք կարող»։
Փաշինյանն ուղղեց, որ հիմա էլ է պատասխանը ոչ, բայց դե ֆակտո հետագայում նաև օրենքով դա կամրագրվի։











