Ցավում եմ նման հայտարարությունների համար, մամուլից տեղեկացված եմ, որ առկա է քրեական վարույթ՝ դիմում-բողոքի հիման վրա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, որին նախորդել էր իր կողմից Կադատրի կոմիտեի աշխատակից Վերոնիկա Մելքոնյանին աշխատանքից ազատելը։
Վերջինս հայտարարել է, որ Կադաստրի կոմիտեն դարձրել են սիրուհիների, հարզզատների մի խմբակ, որից հետո իրեն հեռացրել են աշխատանքից։ Դրանից հետո հայհոյանք է եկել Կոմիտեի նախագահին, ինչից հետո իր ամուսնուն Սուրեն Թովմասյանի թիմակիցները առևանքներ ու դաժան ծեծի են ենթարկել։
«Նշվում է իրենց կողմից, որ ինձ հայհոյանքներ են ուղարկվել։ Դա ես համարում եմ այնքան անձնական հարց... նման բառապաշար և նման խոսքերով արտահայտություն իմ լեքսիկոնում չկա և չեմ էլ կարող վերարտադրել։ Այո հայհոյանքներով SMS եմ ստացել, բայց այն բացարձակապես կապ չունի։ Ես ժխտում եմ իմ և գլխավոր քարտուղարի և մերձավորների մասնակցությունը այդ միջադեպին։ Ես վստահ եմ, որ իրավապահ համակարգը կտա համապատասխան մեկնաբանություն։
Որեւէ մեկը տեղեկացված չի եղել այդ SMS հաղորդագրություններից, այդ թվում իմ ընտանիքի անդամները։ Ես դրանք ստացել են հեռախոսիս վրա։
Նման բան գոյություն չունի, իսկ հարցը մեկնաբանվում է այն տիրույթում, թե արդյոք կարելի՞ է անմեղ մարդուն հայհոյանքներով սպառնալ»,–ասաց նա։
Խոսելով աշխատակցուհուն աշխատանքից ազատելուն, նա նշեց. «Քաղաքացիական ծառայողին հենց այնպես հնարավոր չէ ազատել աշխատանքից, ծառայողական քննություն է կատարվել, որի արդյունքում էլ նման որոշում է կայացվել։ Կադաստրի կոմիտեում ամբողջությամբ արձանագրվում է յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը, յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ ամեն ամսվա վերջում լրացվում է համապատասխան հաճախելիության ցուցակ, և դրա հիման վրա կատարվում է աշխատավարձի կազմում»։
Հարցին՝ ինչու հաղորդում չի տվել, երբ հայհոյանքով SMS է ստացել, Թովմասյանը պատասխանեց. «Դա իմ գործն է ես եմ որոշում՝ ինչ պետք է անեմ։ Իմ որոշումները դեռեւս ընթացքի մեջ է»։
Հիշեցմանը, որ տուժողի կինն ասել է, որ ծեծելիս ասել են՝ սա քեզ Սուրոյի համար, նա ասաց. «Որևէ մեկի ասվածը պետք է պարզի քննչական մարմինը։ Այդ նույն կնոջ հայտարարությունների մեջ, որոնք ես հասցրել եմ լսել, լսել եմ բազմաթիվ հակասական բաներ: Քննչական մարմինը կպարզի։Ես դեռևս չեմ հրավիրվել քննչական մարմին»։
Սուրեն Թովմասյանը հայտարարեց, որ չի թողնի պաշտոնը այս ընթացքում։ «Ինչի՞ համար պաշտոնս թողնեմ կամ արձակուրդ գնամ, ես 4 զավակ ունեմ։ Ամբողջ օրը լծված եմ իմ պարտականությունների կատարմանը», –ասաց պաշտոնյան։ Նա նաև հերքեց, որ սեփական չափագրման ընկերություն ունի։
Հիշեցնենք, որ տեղեկություն է տարածվել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։











