Ամեն ինչի համար է կրում պատասխանատվություն իշխանությունը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, Փարաքարում համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ լրագֆրողների հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գործող իշխանությունը պատասխանատվություն կրում եք կատարվածի համար։
Հարցին՝ գործնականում դա ո՞նց է արտահայտվում, նա պատասխանեց. «Դուք ապրել եք, տեսել եք տարիներ առաջ, տեսել եք՝ ո՞նց է եղել ու հիմա ոնց է։ Ակնհայտ երևում է, որ տարբերություն կա։
Հիմա տեղը չի, ժամանակը չի, դուք նորմա՞լ եք համարում այստեղ հարցադրումներ անելը։
Ժամանակից շուտ հրապարակումներ, մեկնաբանություններ պետք չի անել, կա քրեական գործ հարուցված, հանգամանքները կպարզվեն, բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։
Հարցին՝ ինչպիսի՞ հարաբերություններ ուներ Վալոդյա Գրիգորյանի հետ, մարզպետը պատասխանեց. «Պարոն Գրիգորյանի հետ լավ հարաբերություն ունեմ, կարճ ժամանակահատվածում հասցրել ենք ընկերանալ, և երեկ պիտի հանդիպեինք։ Էլ չեմ կարա խոսել»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։











