ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում ներկա պաշտոնյաների և դիվանագետների մեծամասնությունը լքել է դահլիճը հենց այն պահին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձրացել է ամբիոն, հաղորդում է Axios-ը։
Դա Իսրայելի դեմ ուղղված համաշխարհային առաջնորդների հերթական բողոքի ակցիան էր, որը պահանջում էր դադարեցնել պատերազմը Գազայում, գրում է The New York Times-ը։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «չի գործի ազգային ինքնասպանություն»՝ թույլ տալով Պաղեստինի պետություն ստեղծել, և կտրուկ քննադատել է այն երկրներին, որոնք վերջին օրերին ճանաչել են այն։ «Դա ձեզ համար ամոթի բիծ կլինի»,- ասել է նա։
Իսրայելի առաջնորդը հայտարարել է, որ ԻսրայելըԳազայում «գործն ավարտին կհսցնի» և դա կանի հնարավորինս արագ։
Դահլիճից հնչող բացականչությունների ներքո Նեթանյահուն իր ելույթը սկսել է՝ թվարկելով Իսրայելի հարձակումները իր հակառակորդների և հարևան երկրների վրա՝ պնդելով, որ դա վերացրել է սպառնալիքները։ Նա կարդացել է Գազայում պահվող պատանդների անունները։ Հինգշաբթի Իսրայելն այնտեղ բարձրախոսներ է տեղադրել՝ ելույթը հեռարձակելու համար։
Ավելին, Իսրայելի հետախուզությունը ելույթը ուղիղ եթերով հեռարձակել է Գազայի բնակիչների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ողջ մնացած առաջնորդների հեռախոսներով։ Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին կոչ է արել հանձնվել, զենքերը վայր դնել և ազատ արձակել պատանդներին։
Ըստ ТАСС-ի՝ Բենիամին Նեթանյահուն ուղղակիորեն դիմել է Գազայի հատվածում գտնվող իսրայելցի պատանդներին՝ աջակցության խոսքերով։
«Մեր քաջարի հերոսներ, վարչապետ Նեթանյահուն ձեզ հետ ուղիղ եթերում խոսում է ՄԱԿ-ից։ Մենք ձեզ վայրկյան անգամ չենք մոռացել։ Իսրայելի ժողովուրդը ձեզ հետ է։ Մենք չենք կանգնի կամ չենք հանձնվի, մինչև բոլորիդ տուն չբերենք»,- եբրայերեն և անգլերեն ասել է նա։
Նեթանյահուն մեղադրել է համաշխարհային առաջնորդներին, նշելով, որ նրանք «կոտրվել և նահանջել» են, երբ Իսրայելը դժվարությունների է հանդիպել՝ ընդգծելով, որ երկիրը «պատերազմ է մղում յոթ ճակատով՝ գործնականում առանց որևէ աջակցության»։
Ըստ CNN-ի՝ Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ռեկվիզիտներ, քարտեզներ և դիագրամներ«մինի-վիկտորինա» է օգտագործել։
Ահա թե ինչ է նա ցույց տվել.
QR կոդ. նրա բաճկոնին ամրացված էր մեծ սպիտակ կրծքանշան՝ QR կոդով։ «Աշխարհի մեծ մասը այլևս չի հիշում հոկտեմբերի 7-ը, բայց մենք հիշում ենք»,- ասել է Նեթանյահուն՝ մատնացույց անելով կրծքանշանը և ՀԱՄԱՍ-ի հարձակումների մասին կայքին հղում է կատարող QR կոդ առաջարկելով։
Քարտեզ. նա կրկին է ցույց տվեց անցյալ տարի ՄԱԿ-ում իր ելույթից մի ռեկվիզիտ՝ քարտեզ՝ «Իրանի ահաբեկչական առանցքի անեծքը» մակագրությամբ, որտեղ կարմիր գույնով նշված էին Իրանը, Իրաքը, Սիրիան և Լիբանանը։
Մինի-վիկտորինա. նա ի ցույց է դրել մի ցուցանակ։ «Եկեք մինի-վիկտորինան անցկացնենք։ Եթե գիտեք պատասխանը, ձեռք բարձրացրեք,- ասել է Նեթանյահուն։ -Ահա առաջին հարցը։ Ո՞վ է գոռում «Մահ Ամերիկային»։ Ա- Իրանը, Բ – ՀԱՄԱՍ-ը, Գ- Հըզբոլլահը, Դ- հութիները, թե՞ Ե- վերը նշված բոլորը»։ Մի փոքր լռությունից հետո Նեթանյահուն շարունակել է. «Ճիշտ պատասխանը՝ բոլոր վերոնշյալները»։
The New York Times-ը հաղորդում է, որ մինչ Նեթանյահուն ելույթ էր ունենում ՄԱԿ-ում, Նյու Յորքի Թայմս Սքվերում հավաքվել էին հարյուրավոր ցուցարարներ։ Երիտասարդները ծածանում էին պաղեստինյան դրոշներ և ՝ «Դադարեցրեք ԱՄՆ-ի օգնությունը Իսրայելին», «Ձերբակալեք Նեթանյահուին» և «Դադարեցրեք Գազայի սովամահությունը» գրություններով ցուցապաստառներ։
Հավաքվածները ծափահարել են այն լուրը, որ Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ պետությունների ղեկավարները լքել են Գլխավոր ասամբլեայի դահլիճը: «Նեթանյահու, դու չես կարող փախչել. մենք քեզ մեղադրում ենք ցեղասպանության մեջ»,- վանկարկել են ցուցարարները։
«Նեթանյահուին, որի դեմ Միջազգային քրեական դատարանը ռազմական հանցագործությունների մեղադրանքով ձերբակալման հրամանագիր է արձակել, ուժեղ ճնշման տակ է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակով: Ուրբաթ նա հերքել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում՝ որպես ապացույց մեջբերելով Գազայի խաղաղ բնակիչների համար տարհանման իր կանոնավոր հրամանները։
Այս շաբաթ մոտ տասը երկիր, դրանց թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Կանադան «երկու պետությունների լուծման» իրենց ջանքերի շրջանակում ճանաչեցին Պաղեստինի պետությունը: Ի պատասխան՝ Նեթանյահուի իշխող աջակողմյան կոալիցիայի որոշ անդամներ կոչ արեցին բռնակցել օկուպացված Արևմտյան ափի ամբողջ կամ մի մասը: Նման քայլը կարող է նրան հակասության մեջ դնել իր հիմնական դաշնակցի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որն այս շաբաթ աշխարհի առաջնորդներին վստահեցրեց, որ դա թույլ չի տա»,- գրում է պարբերականը:











