Մասիսի «Էդեմ» բժշկական կենտրոնում մահացած նորածնի հարազատները կատարված ողբերգության մեջ մեղադրում են բժիշկներին։
«Եկել ենք սեպտեմբերի 25–ին ժամը 10–ին, ասել ենք՝ կեսարյան արեք, չհամաձայնվեց, ասա կեսարյանի ցուցում չկա, առողջ մայր է, կունենա իր ուժերով։ Ընթացքում էլի ենք առաջարկել, որ կեսարյան անեն, բայց չարեցին, հետո դուրս եկան, թե բա տանում ենք կեսարյան։ Մոտ 40 րոպե դուրս եկան ու սկսեցին վազել այս կողմ այն կողմ, ինչ հարց տալիս ենք, չենք պատասխանում։ Ես մտնում եմ վիրահատարան, երեխան կապտած սեղանին դրված։ Մինչեւ էդ բժիշկը դուրս եկավ, թե բա աչքներդ լույս, առողջ բալիկ է ծնվել։ Մեզ մինչեւ այս պահը չեն պատասխանում, թե ինչ է եղել։ Հարսիս ժամկետը մինչեւ հոկտեմբերի 10–ն է, ինչո՞ւ երկու շաբաթ շուտ կանչեցին, իմ հարսն ընտիր հղիություն է տարել»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմել է մահացած նորածնի տատիկը՝ Նարինե Ճուղուրյանը։
Բժշկական կենտրոնի տնօրեն, գինեկոլոգ–մանկաբարձ Մհեր Ենգիբարյանը մեզ հետ զրույցում չի ընդունել կատարվածում իր մեղավորությունը. «Գիշերը 12–ին մոտ մի քանի րոպեով երեխայի սրտի զարկեն իջան 84–ի, ես դուրս եմ եկել ու տերերին հայտնել, որ եթե երկրորդ անգամ պրոբլեմ գնաց, արագ կեսարյան ենք անելու, իրենք դեմ չեն եղել։ Հետո ժամը 12.35–ին երբ մի քանի րոպեով կրկին սրտի զարկերն իջան, ասել եմ՝ արագ տարեք կեսարյան։ Կեսարյան ենք արել, հանգիստ անցավ, հանեցինք երեխային, մահացած պտուղ։ Ինձ համար էլ մնաց անհասկանալի՝ 20-25 րոպեում ինչից մահացավ պտուղը։ Սա շատ հազվագյուտ դեպք է, երբ երեխան մոր փորի մեջ մահանում է։ Ցավալի դեպք է, բայց փաստը մնում է փաստ։ Դատաբժշկական փորձաքննություն է նշանակել, դեպքի հանգամանքները կպարզվեն»։











