Բազմաթիվ դիմումներ և բողոքներ ենք ստանում Նուբարաշենի աղբանոցը այրելու հետևանքով մեր քաղաքացիներին հասցված վնասի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Օր առաջ պետք է այդ աղբավայրը փակվի, որովհետև անտանելի են այն պայմանները, որով որ մեր քաղաքացիները ստիպված են լինում ամեն օր այդ թունավոր ծուխը շնչելու, այդ գարշահոտությունը։ Նույն միջպետական ճանապարհի վրա գտնվող աղբանոցները էլի խնդիր են առաջնում։ Առհասարակ բնակավայրերի մոտ դրանք անտանելի պայմաններ է ստեղծում մեր ազգաբնակչության համար։

Երկար տարիներ սրա մասին խոսում ենք, ասում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում, որևէ մի փոփոխություն տեղի չի ունենում, չի կատարվում, և սրանից տուժում է մեր հայրենակիցների առողջությունը։

Ինչ վերաբերվում է փակ շրջանառու համակարգի հետ կապված, այս օրենքը, որը ընդունվել է Ազգային ժողովում, սա հարվածելու է ձկնաբուծությանը, սա լուրջ խնդիր է առաջացնելու մեր տնտեսվարողների համար։ Կապ չունի, որ առաջին ատյանը որոշում է կայացրել, ես կարծում եմ՝ ձկնաբույծները դա կբողոքարկեն, բայց սա ուղիղ ազդելու է ոլորտի զարգացման վրա։ Ավելի ճիշտ կլինի այն ապօրինի տիրազուրկ հորերը, որ այդ ջրերը գնում են տարբեր ուղղություններով, ոչ կոնսերվացնում են այդ հորերը, ոչ էլ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ», – ընդգծեց պատգամավորը։