2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ երկիրը խորը քաղաքական ճգնաժամի մեջ էր ընկղմվել, կիրառվեցին ժողովրդավարության բոլոր գործիքները։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 30-ին կայացած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի իր ելույթում։

Նրա խոսքով, որոշ իմաստով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մի մասն էր, որի նպատակը Հայաստանի պետականությունն ու անկախությունն էր։ Նա պնդել է, որ հենց ժողովրդավարությունն էր, որ բառացիորեն փրկել է Հայաստանի պետականությունն ու անկախությունը։

Փաշինյանը հավելել է, որ պատերազմը և դրան ուղեկցող ապատեղեկատվությունը գործիքներ են եղել, որոնք հակաժողովրդավարական ուժերն օգտագործել են՝ իշխանությունը իրենց փոխանցելու պահանջ ներկայացնելու ժամանակ։ «Մենք ասացինք, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող փոխանցել որևէ մեկին, այլ կարող ենք միայն այն վերադարձնել ժողովրդին։ 2021 թվականի ապրիլին ես հրաժարական տվեցի, ինչի արդյունքում երկրի խորհրդարանը ցրվեց և սահմանային սրացման, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի և տեղեկատվական ահաբեկչության ֆոնին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ոչ ոք չէր հավատում, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն։ Սակայն անբռնի «թավշյա հեղափոխությունը» գլխավորած քաղաքական ուժը ոչ միայն կրկին ստացավ ընտրողների ձայների մեծամասնությունը, այլև ձևավորեց սահմանադրական մեծամասնություն», - նշել է Կառավարության ղեկավարը։

«Եվ ես կարող եմ հստակորեն հայտարարել, որ այսօր Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը Հայաստանում ժողովրդավարության երաշխավորն է և Հայաստանն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի պետական, քան երբևէ, ավելի ինքնիշխան, քան երբևէ, ավելի ժողովրդավարական, քան երբևէ», - եզրափակել է Փաշինյանը։