Պատվարժան դատարան, ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է՝ ապացույցը կեղծողինը 40 օր է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման գործով պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Հիմա, որպեսզի մենք չափելի դարձնենք՝ արդյոք հանրային մեղադրողները կողմնակալ են, թե ոչ. և ըստ այդմ, չափելի դարձնենք առկա ինքնաբացարկի կամ բացարկի հիմքեր, եկեք դիտարկման առարկա դարձնենք հետևյալ իրավիճակը: Մեզ բոլորիս, պաշտպաններին, ծանուցել են, որ սույն քրեական վարույթով բոլոր դետալները նախաքննական գաղտնիք են, հրապարակման ենթակա չեն, հրապարակման պարագայում կենթարկվեն քրեական պատասխանատվության: Իսկ զուգահեռ դրան դատախազները, քննչական կոմիտեն, իրենց ղեկավարությունը տեքստեր չէին խնայում հիմնավորելու համար, որ երկիրը վտանգի մեջ է, և այս գործը գոյություն ունի, որպեսզի իշխանության պարագլուխները պարբերաբար հայտարարեն, որ իրենց խեղճ իշխանությունը վտանգի մեջ էր, որ ահաբեկիչներ կան։

Ես չգիտեմ որևէ մեկ այլ պետությունում, որտեղ այսքան թրենդային է ահաբեկչությունը, իշխանության զավթումը։ Կամ մենք, մեր հասարակությունը ահաբեկիչներ ենք, կամ այստեղ ինչ-որ փոքրամասնություն փորձում է իրավական, դատաիրավական, իրավաքաղաքական բոլոր գործընթացները ծառայեցնել իրենց նպատակներին։

Այն, որ ապացույց է կեղծվել, կասկածից վեր է, այն որ այդ ապացույցի կեղծումը պարունակում է իր մեջ կոնկրետ հանցակազմի հատկանիշներ, դա էլ է կասկածից վեր, որովհետև ապացույցը փոփոխվել է, այն իրականում ունեցել է այլ բովանդակություն, ապացույցը թաքցվել է, որովհետև այդ ապացույցը ներկայացվել է այլ կոնտեքստով, և այդ ապացույցը նենգափոխվել է։ Իսկ սրանց դեպքում քրեական օրենսգրքի տեսանկյունից հասնում է կոնկրետ իրավաբանական պատասխանատվություն»,–ասաց նա։

Պաշտպանը նկատեց, որ այստեղ հանրային մեղադրողների մասով երկու խնդիր է տեսնում. «Կամ այստեղ կա իրավական բաց, այսինքն կարդացել են նյութերը և չեն հասկացել, որ ապացույց է կեղծվում, կամ էլ լուռ համաձայնություն են հայտնել այն, ինչ արել է քննիչը։

Բայց եթե ամպերից իջնենք ներքև և տեսնենք այսօրվա նախաքննական մարմին– դատախազություն–քննչական սերտաճումները, ես ուղղակի բացառում եմ, որ սա չլիներ դատախազության ուղիղ կուրացիայի տակ իրականացվող գործընթաց»,– ընդգծեց նա։

Պաշտպանի ներկայացմամբ, եթե նոր է այս ամենը պարզվել, ապա հանրային մեղադրողները պետք է գործը տանեին լրացուցիչ քննության. եթե դա չեն անում, ուրեմն գործ ունենք կողմնակալության հետ։

«Դատախազության վախտայից մինչև գլխավոր դատախազ, ով գա այստեղ նստի, այս խնդիրը ինքը ունի։ Ով այս մեղադրանքը փորձի պաշտպանի և սա համարի իրավաչափ մեղադրանք, այս խնդիրը ունի։ Սրա միակ տրամաբանական ելքը համակարգային ինքնաբացարկն է։ Դատախազությունը պետք է համակարգային ինքնաբացարկ հայտարարի էս գործից։

Եթե մի փոքր էլ տեղայնացնեմ բուն իմ պաշտպանյալի մասով, հիմա դուք կարո՞ղ եք իրավաչափ համարել մի մեղադրանք TikTok-ում ձվաձեղ պատրաստելու հենքով։ Հիմա մեր գործընկերները գտնում են, որ Արմեն Ալեքսանյանը ձվաձեղը բաստուրմայով պատրաստելով նախապատրաստվել էր ահաբեկչության։ Գուցե սա ծիծաղի առարկա է, բայց սա է մեր քրեական գործը։

Արմեն Ալեքսանյանը այստեղ է, որովհետև ձվաձեղին հընթացս նաև այդ գաղտնալսումներում երևում է, պատրաստվում էր գզգզված չուչելով լայվ անել։ Եվ դա իրեն չներվեց։ Իսկ բոլորս այսօր հասկանում ենք գզգզված չուչելը ում արտահայտություն է։

Փաստն այն է, որ դատախազությունը հաստատել է կեղծված ապացույցի հիման վրա մեղադրական եզրակացություն»։

Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Առավել մանրամասն տեսանյութում։