Վրաստանում վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս մի քանի իրողություն. մի կողմից, չնայած կան բողոքի ձայներ, կա դժգոհություն իշխող «Վրացական երազանքից», փոխվող օրենքներից, նաև Վրաստան-ԵՄ հարաբերություններում այս ճգնաժամային իրավիճակից, բայց միևնույն է, ընդդիմությունը չկարողացավ այդ բողոքը տրանսֆորմացնել, չկարողացավ միավորվել, նոր լիդերներ առաջ բերել և դրա շուրջ ինչ-որ մի օրակարգ ձևավորել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Նա հիշեցրեց, որ ընդդիմությանը նաև անցած տարվա պառլամենտական ընտրություններում ձախողվեց, որից հետո բոյկոտեցին պառլամենտը, մանդատները վայր դրեցին և մերժեցին մասնակցել այս տեղական ընտրություններին։
Այդուհանդերձ, որոշ քաղաքական ուժեր մասնակցեցին այս ընտրություններին, իրենց քվեն ստացան, բայց սա այն չէր, ինչ կարելի էր ակնկալել ընդդիմությունից, ուստի եղան այդ բողոքի ցույցերը։ Տարբեր շրջաններից մարդիկ հավաքվել էին Թբիլիսիում, և արդյունքում բողոքի ցույցերն անցան օրենքի սահմանված կանոններից, եղավ հարձակում նախագահի նստավայրի վրա, որին հետեւեց իրավապահների համաչափ արձագանքը։
Ուստի այսօր կարելի է ասել, որ ընդդիմությունը ձախողեց հնարավորությունը, որ կարելի էր օգտագործել այս ընտրությունները, միավորվել և նոր օրակարգով հանդես գալ։
Որոշ լիդերներ, միգուցե կարելի է ասել, որ նաև օբյեկտիվորեն չէին կարող լինեին այնտեղ և ղեկավարային բողոքի ցույց, քանի որ այսօր բանտերում են։ Նրանք հրաժարվել են ազատ արձակվել համաներումով կամ գումարի դիմաց։
Սա բավականին լուրջ հարված էր ընդդիմությանը և կարելի է ասել, որ ընդդիմությունը մոտակա ժամանակները գրեթե շանս չունի ինչ-որ վերաձևակերպելու իր բողոքը կամ տրանսֆորմացնելու կամ միավորվելու մեկ այլ գաղափարի կամ լիդերի շուրջ։
Սա հնարավորություն այս իշխանություններին մինչև 2028 թվականը կառավարելու։ Բայց նաև ընդդիմությունը ունի հնարավորություն, այս ժամանակը ճիշտ օգտագործել և 2028-ին ավելի պատրաստված մասնակցել խորհրդարանական ընտրություններին»,– ընդգծեց վրացագետը։
Անդրադառնալով Վրաստան–ԵՄ լարվածությանը, Ջոնի Մելիքյանն ասաց, որ այդ հարաբերությունները խորը ճգնաժամում են, երկուստեղ մեղադրական հայտարարություններ եղան. «Արևմուտքում միգուցե ճիշտ չեն գնահատել իր վիճակը Վրաստանում, ճիշտ չեն գնահատել ընդդիմության էլեկտորալ բազան։ Որոշ հայտարարություններ, որ արվել են ի նպաստ ընդդիմության, այսօր էլ ավելի են բարձրացրել իշխանության ընկալումները Բրյուսելի նկատմամբ, եվրոսկեպտիցիզմը էլ ավելի է շատացել։
Բայց իմ կարծիքով Թբիլիսին ցանկությունը չի կորցրել վերականգնելու հարաբերությունները Բրյուսելի հետ, ուստի պետք է քայլ արվի, որ հարաբերությունները դուրս բերեն ճգնաժամից, քանի որ դա ոչ մեկի շահերից չի բխում։
Իմ կարծիքով Եվրամիությունը ունի հնարավորություն դեռևս որոշ քայլեր ձեռնարկելու, որ վերականգնվեն այս հարաբերությունները, ես վստահ եմ, որ Թբիլիսին պատրաստ է այս քայլերին»,– ընդգծեց նա։











