Եթե Միացյալ Նահանգները կենսական շահեր ունենար Հարավային Կովկասում՝ նախագահ Թրամփը Հայաստանը չէր շփոթի Ալբանիայի, իսկ Ադրբեջանը՝ Կամբոջայի հետ։ Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը չի միջամտի Հայաստանի և Ադրբեջանի միջև Հայաստանով անցնող միջանցքի թեմայով զրույցին, քանի որ նրանք ստացել են այն, ինչ ցանկացել են, իսկ մնացածը իրենց չի հետաքրքրում։ Նա դա անվանել է ճիշտ պահվածք ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից։ Քոչարյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնն իր շահերը գիտի, հետապնդում է դրանք և ճիշտ է վարվում՝ իր շահերի տեսանկյունից։

«Ցանկացած երկրի ղեկավար առաջին հերթին պետք է մտածի իր երկրի շահերի մասին։ Ես դեմ չեմ ԱՄՆ-ին, մենք ժամանակին շատ արդյունավետ համագործակցել ենք նրանց հետ»,– ընդգծել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը պետք է համարձակություն ունենա, առաջ մղի իր շահերը և չմտածի, որ եթե ինչ-որ բան այն չասի, Թրամփը կարող է վատ նայի դրան։ «Չի լինի, ընդհակառակը, նա ավելի շատ կհարգի դա։ Իսկ նրանք (ՀՀ իշխանությունները – խմբ.) գնացել են Սպիտակ տուն՝ «պամպերսներով»»,– նշել է Քոչարյանը։

Նա անտրամաբանական է համարել այն ակնկալիքները, թե Թրամփը պետք է արձագանքի Ալիևի (Ադրբեջանի նախագահ – խմբ.) և Փաշինյանի (ՀՀ վարչապետ – խմբ.)՝ Հայաստանով անցնող միջանցքի վերաբերյալ հայտարարություններին։ «Եթե շատ նյարդայնացնեն, կասի, որ երկուսն էլ հիասթափեցրին։ Ինչու՞ եք սպասում, որ ԱՄՆ նախագահը պետք է արձագանքի։ Նա նույնիսկ Հայաստանի տեղը չգիտի։ Հայաստանը չունի այդ նշանակությունը»,– նշել է երկրորդ նախագահը։