Մենք խաղաղությանը դեմ չենք և հենց այդ պատճառով դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքը բերում է ոչ թե խաղաղություն, այլ բերել է պատերազմ և բերում է տառապանքներ և արտաքին ռիսկերի մեծացում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ հոգեբանական տրյուկ է անում, ասում է՝ ինձ ընտրել է ժողովուրդը, ուրեմն եթե դեմ ես ինձ, դեմ ես ժողովրդին։ Չէ, ժողովրդին դեմ չենք, որովհետև դու ընտրվել ես լրիվ ուրիշ խոստումներով, և երկրորդը, քեզ ընտրել է ժողովրդի 27-28% -ը։ Ասում է՝ դեմ ես ինձ, ուրեմն դեմ ես խաղաղությանը։ Չէ, դեմ ենք քեզ, դեմ չենք խաղաղությանը»,–ասաց նա։

Փաշինյանի պնդմանը, թե կառավարության ծրագրում առաջնային տեղ է գրավել հենց խաղաղության հասնելը, ինչը ինքը կատարել է. նա նկատեց. «Այդ դեպքում իր ծրագիրը պետք է լիներ ընդամենը մի նախադասություն։ Իր ծրագրի մեջ կային էական հակասություններ։ Այն ժամանակ ինքը խաղաղությունը տեսնում էր Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի միջոցով, Արցախի հակամարտության կարգավորումը տեսնում էր «անջատում հանուն փրկության» բանաձևի մեջ։ Հիմա փոխվել է այդ ամեն ինչը։

Երկրորդը ի՞նչ խաղաղության մասին ենք մենք խոսում, եթե երկրի տարածքի մի էական հատված օկուպացված է թշնամու կողմից, երբ թշնամին լկտիաբար խառնվում է քո ներքին գործերի մեջ։ Օրինակ սահմանադրության փոփոխության պահանջը, դա միջամտություն է քո ներքին գործերին։

Ի՞նչ է նշանակում՝ ես բերել եմ խաղաղություն։ Ինչ ուզել է, զիջել ես, հիմա որ չզիջես, էլի կշարունակենք գնդակոծումը»։